Էջ:Muratsan, vol. 4.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է վիճակել հայրենիքի փրկիչ լինելու, օտարի նախատինքը բառնալու և հայրենական գահի նախկին փառքը վերադարձնելու գերագույն կոչումը... Բայց ավա՜ղ, խառնվածքի մի թուլություն նրա դյուցազնական մեծությունը թունավորեց... սիրո փանաքի որդը հսկայական հրաշակերտը տապալեց...Այժմ նա անշնչացած պառկած է սառը հողի տակ. նրա սիրտն այլևս չի զգում ոչինչ. սերն ու արտասուքը չեն շարժում նրան... Եվ սակայն նա յուր հետ գերեզման տարավ մեծամեծ հույսեր, ակնկալություններ։ Լայնատարած մի աշխարհ, բազմամարդ մի ընտանիք, որի անդամները միլիոններ են կազմում, զրկվեցան նրա շնորհիվ բազմազան բարիքներից, նրանք այժմ գտնվում են անապահով դրության, ծանր ճգնաժամի մեջ. նրան սպառնում են թե՛ թշնամիները և թե՛ փառամոլ հարազատները, բայց այս ամենն ուրիշ կերպ կլիներ, եթե միակ մարդը, որի ձեռքն էր հանձնված հայրենիքի բախտը, չնմաներ մյուս մահկանացուներին, չխոնարհեր թունավոր զգացմունքների առաջ և կամ զոհեր նրանը առավել մեծագույն, առավել սրբազան մի զգացման-հարյրենասիրության:

Այս մտածություններն էին պաշարել իշխանին այն տխուր ժամին, երբ արքայի մարմինն իջեցրին գերեզման և ծածկեցին հողով, և այս մտածություններն էին, որոնք և դառնապես արտասվել տվին նրան։

Բայց հենց այդ միջոցին մի ուրիշ սիրտ ուրիշ զգացմունքներով էր տոգորված. արքայի վախճանը նրան ուրիշ մտքեր էր թելադրում. այն հողը, որ ծածկեց մեռնող թագավորին, նա կարծում էր, թե նոր կյանք ու նոր փառք պիտի ծնե յուր համար... և դա Աշոտ բռնավորն էր, որի սրտում դեռ չէր մարել միահեծան տեր լինելու տենչը, բոլոր Հայաստանին թագավորելու փափագը...։ Տեսնելով ա՛յն աշխարհախումբ բազմությունը, որ լցվել էր Բագարանի ներսն ու դուրսը, նա հարմար միջոց համարեց նախ՝ զորքին ու ժողովրդին յուր կարողությունն ու առատաձեռնությունը ցույց տալու և դրանով նրանց սիրտը գրավելու, և երկրորդ` սգո օրերն անցնելուց ետ՝ յուր գահակալական հարցը հրապարակ հանելու, որովհետև հանգամանքները շատ նպաստավոր էին,