Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանանդացոց հեծելազորը և ուրիշ ազատախումբ վաշտեր, որոնց բոլորին գլուխ էին անցած Մարզպետունի Գևորգ իշխանը և յուր որդին` Գոռը։ Աբասն այն պաշտոնը հանձնել էր նրանց իբրև պետության միակ հավատարիմներին. ըստ որում արքայի մահվան ժամանակ ավելի կարիք կար զորքը զգուշաբար կառավարելու։

Զորքին հետևում էր ժողովրդյան ահագին բազմություն, որ և գնալով ստվարանում էր, որովհետև ճանապարհի վրա գտնվող ավաններից ու գյուղերից հետզհետե ելնում և միանում էին նրանց ուրիշ շատ խմբեր։ Այսպիսով հուղարկավորության թափորը հասավ Բագարան` մի քանի հազար հոգուց կազմված բազմության ուղեկցությամբ։

Արքայի մարմինն ամփոփեցին Տապանատան ս. Կաթողիկե կոչված եկեղեցում, ուր նրանից առաջ ամփոփված էին յուր նահատակ հայր Սմբատը և նահատակ եղբայր Մուշեղը։

Թագավորի գերեզմանի վրա մեծ կոծ արավ թագուհին` յուր հետևորդ տիկնանց և գուսանական խմբի մասնակցությամբ։ Սրտագին լացին նրա վրա նաև Աբաս եղբայրը և մյուս արքայազունք։

Բայց ամենից ավելի դառնապես արտասվեց Գևորգ Մարզպետունին, որ մանկությունից ի վեր նրա մտերիմն էր եղած. ապրել ու գործել էր միասին, մանկության օրերում` իբրև խաղընկեր, պատանեկության միջոցին` իբրև մարզակից, երիտասարդ ժամանակ` իբրև համհարզ և հոր գահը ժառանգելուց ետ` իբրև միակ հավատարիմ զինակից։ Երկար տարիներ նա աջակցել էր նրան, պատերազմել էր նրա հետ միասին, հաղթել և հաղթվել միասին, մասնակցել նրա ուրախության ու տխրության, ծիծաղել և լացել նրա հետ... նա հիշում էր այդ վայրկենին բոլոր անցյալը. Աշոտ-Երկաթի բազմահոգ ու ալեծուփ թագավորությունը... Հիշում էր այն օրերը, երբ ինքը հիանում, հափշտակվում էր նրա դյուցազնական քաջագործություններով. հիշում էր նրա ձայնի որոտը` պատերազմի դաշտում, նրա խիզախ հարձակումները թշնամիների վրա, նրա սրի հարվածները` հակառակորդի դեմ... հիշում էր, թե ինչպե՛ս ժպտում էր նրա բախտը, թե ինչպես ինքը հրճվում էր յուր սրտում, գուշակելով, թե աստված նրան