միջոցներ ձեռք առնել գալիք վտանգների առաջն առնելու համար։ Իշխանն այդ լուրն առավ բանակում. նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ Եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն։
-Երկու օր է,-ասաց նա,-ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից։ Բացի դրանից նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից։
Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ։ Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց.
-Բոլոր նշաններից երևում է, որ «բռնավորը» պատրաստվում է յուր հին խաղը խաղալու։ Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի նույնիսկ սգո օրերից։ Այժմ ես գնում եմ քաղաք և պիտի ստիպեմ թագուհուն և արքաեղբորը թողնել իսկույն Բագարանը, որքան էլ որ դա ընդդեմ լինի ընդունված սովորության։ Թո՛ղ նրանք իրանց սուգը պահեն արքունիքում։ Իսկ դու զգույշ կաց և ուշադրությամբ հսկիր թե՛ մեր զորքերին և թե՛ քաղաքի ելումուտքին։ Ինձ թվում է, թե անախորժ դեպքերի պիտի հանդիպենք։
Այս ասելով իշխանը յուր նժույգը հեծավ և սրարշավ դեպի «բռնավորի» ապարանքը դիմեց։
Եզնիկը հետևեց նրան։
Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ «բռնավորն» ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու։ Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին։
-Ո՞ւր եք դիմում, տեր,-հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով։
-Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել. նա