Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Անվանեցեք, ինչպես կամենում եք, բայց թողե՛ք նրան և հեռացե՛ք,-կրկնեց թագուհին:

Նույնը թախանձեցին և Գուրգենդուխտ տիկինը, Գոհար ու Շահանդուխտ իշխանուհիները և մյուս պալատական տիկնայք։

Դրանիկները, ընդհակառակն, պահանջում էին կալանավորել «բռնավորին»։

Բայց Աբասն ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության։

Նույն ավուր երեկոյան արքաեղբայրը՝ յուր դրանիկներով, թագուհին՝ յուր տիկնանցով և Մարզպետունի իշխանը՝ պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից և ուղղվեցան դեպի Երազգավորս։

Գարդմանա տեր Դավիթ սեպուհն ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը։

Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս՝ քաղաքն ու արքունիքը գրավելու, լուր առնելով «բռնավորից», թե յուր մտադրությունը չէր հաջողած և թե Աբասն ու Մարզպետունին իրանց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը և խույս տվին դեպի Շիրակաշատ, որպեսզի շրջան անելով վերադառնան Բագարան, առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու։

Բայց որքա՛ն մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից։

Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց Մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաջապահ գնդերը և շրջան կազմելով՝ փակեցին իրանց մեջ արաբացիներին։

Վերջիններս տեսնելով իրանց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին։

Աբասի հարցին, թե ովքե՞ր են իրանք և ի՞նչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց.