Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ս. Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբասին, և թագուհի` Գուրգենդուխտ տիկնոջը։

Այդպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից-արքա հռչակվեցավ Աբասը. և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ Արծրունին, նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն։

Աբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին։ Բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ Մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ, և տալով նրան իրավունք` վայելել այդ պատիվը որդվոց որդի։

Է

ԴՎՆՈ ԱՌՈԻՄԸ

Գագիկ Արծրունին մի քանի շաբաթ շարունակ հյուր պահեց յուր մոտ Աբաս թագավորին և, ի պատիվ նրա, նաև հրավիրյալ իշխաններին։ Այդ բոլոր ժամանակ նա նրանց զբաղեցնում էր հաճոյական զբոսանքներով։ Մի օր շրջեցնում էր յուր անառիկ բերդում և ցույց տալիս նրանց նրա հրաշալիքները, բնության ու մարդկանց և, մանավանդ, յուր ձեռքով կերտված ամրությունները, ահավոր մարտկոցները, վիմափոր անձավները` իրանց գաղտնի ճանապարհներով, քարակոփ մատուռները և ջրալից ավազանները։ Ցույց էր տալիս այդ լեռնակարկառ բարձրության առաջ բացվող գեղազվարճ տեսարանները, որոնց վրա նայում էին նրանք` բազմելով քարաբլրի ծովահայաց կողերում ամֆիթեատրաձև փորված նստարանների վրա։ Այդտեղից երևում էր քաղաքը յուր բազմազան շինություններով, ծովակը` յուր գեղածուփ ալիքներով և ապառաժուտ կղզիներով. երևում էին