Էջ:Muratsan, vol. 4.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձնեց քաղաքի ներքին պարիսպների և աշտարակների պահպանությունը, երկրորդին` արտաքին մարտկոցների հսկողությունը, երրորդին` քաղաքի խրամը ջրով լցնելու և շարժական կամուրջները կառավարելու գործը, չորրորդին` Արտաշատում Տափերական կոչված նշանավոր և մեծատարած կամրջի պաշտպանությունը, որի վրայով թշնամին պիտի հառաջանար դեպի Դվին: Բացի այդ նա յուր ունեցած հեծելազորը չորս հառաջապահ գնդերի բաժանելով` ուղարկեց նրանց Դվնո նշանավոր ճանապարհները բռնելու։ Դրանցից մինը Խլաթա ուղին էր, որ սկսվում էր քաղաքի արևմտյան հարավից. երկրորդը` Նախիջևանի պողոտան հարավ֊արևելքից. երրորդը` Բերդկանց ճանապարհը արևելյան կողմից. չորրորդը` Կողբափորի ուղին, որ ձգվում էր հյուսիսից։ Ինչ վերաբերում է Կարնո ճանապարհին, որ քաղաքի արևմտյան կողմն էր ընկնում, այդտեղ ոստիկանը պահապաններ չկարգեց, որովհետև այդտեղից նա սպասում էր յուր դաշնակից Աշոտի զորքերին, մինչդեռ մյուս կողմերից, նրա կարծիքով, պիտի հառաջանար թշնամին, այսինքն Խլաթա կամ Նախիջևանի ճանապարհով Աբասը, Բերդկանց ճանապարհով` սյունեցիք, իսկ Կողբափորի կողմից` Վահրամ Սեպուհը, որ տակավին գտնվում էր Գուգարքում։ Չնայելով այս պատրաստությանը, ոստիկանը, սակայն, հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը։

Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական` Աբաս արքայի գահակալությունն ու թագադրությունը շնորհավորելու և նրա հետ հաշտության նոր դաշն կռելու։

-Ասացեք ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները...-պատվիրեց Աբասը արաբացի դեսպաններին և ետ դարձրեց նրանց իրանց ընծաներով։

Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր