Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուխտադրուժ վարմունքը ներել։ Այս պատճառով երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսըրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել։

Բայց Աբաս թագավորի բանակը, որ կազմված էր միայն Արարատյան գնդերից և Արծրունյաց զորքերից, ծանրությամբ էր հառաջանում։ Որովհետև, համաձայն կանխավ արած որոշման, Մոկաց տերն ու Աղձնյաց նահապետը իրանց զորքերով պիտի միանային արքայի հետ Շարուրի դաշտում. Սյունյաց իշխանները պիտի մտնեին Մազազ և Գառնո ու Գեղա զորքերի հետ միասին իջնեին Ուրծաձոր։ Իսկ Վահրամ սեպուհը, որ ապահովված էր արդեն ափխազների կողմից (որովհետև ամբողջ Գուգարքը զինել էր արդեն նրանց դեմ), յուր զորքերն առնելով պիտի իջներ Շիրակ և Երազգավորսի շրջանում եղած գնդերի հետ միանալով՝ դիմեր Դվնո դաշտը։ Ուրեմն, մինչև որ այդ իշխանները կհասնեին որոշյալ տեղերը, թագավորի զորքը չպիտի շտապեր, որովհետև դաշնակից իշխանները նպատակ ունեին միահամուռ կերպով պաշարել Դվինը և եթե կարելի էր, գրավել նրան հարձակումով։

Բայց այստեղ արդեն արաբացիք տենդային պատրաստությանց մեջ էին. քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մթերքներ. դարանները լցնում էին դյուրավառ նյութերով. խրամատների համար պատրաստում էին խցաններ. մարտկոցները զինում էին երկաթյա կարթերով ու ջախջախող գործիներով. բուրգերի մեջ հավաքում էին որձաքարի բեկորներ, որով պետք է փիլիկվաններն ու սանդուղքները ջարդեին՝ միով բանիվ առավոտվանից մինչ երեկո մարդիկ զբաղված էին մահառիթ աշխատությամբ և հույս ունեին, որ դրանով մեծ կոտորած պիտի անեն պաշարողների մեջ։

Ներքին պատրաստություններն ավարտելուց ետ՝ ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել։ Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի նրա թումբերը բանալով՝ ջուրը դարձնեն դեպի Դվին։

Այդ ջրանցքը շինվել էր Քրիստոսից մոտ 200 տարի