հանգիստ տալ նրանց, որովհետև ամեն մի կորցրած ժամը կարող էր մի վտանգ առաջ բերել իրանց համար։ Բայց Արտաշատից մի քանի փարսախ հեռու նա ստիպված էր կանգ առնել` մինչև որ ջրանցքը դիտելու համար ղրկված չուր լրտեսները կվերադառնային։ Նա կամեցել էր նախ տեղեկանալ, թե ի՛նչ դրության մեջ է գտնվում գործը և ապա զորքերն առաջ վարել։ Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, Էլ իրանց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ։ Այդ քայլը, ընդհակառակը, կարող էր վնաս բերել, նախ՝ յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով և երկրորդ՝ թշնամուն թագավորի գալը հայտնելով։
Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպեղեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր։
-Օ՜ն ուրեմն, հառա՜ջ, էլ սպասելու ժամանակ չէ,-գոչեց Վաբգեն իշխանը և առաջ անցավ։ Զորքը սրընթաց հետևեց նրան:
Եվ արդարև, ջրանցքի առաջը բանալու համար մնացել էր միայն մի քանի քայլ։ Գործավոր զորքի գլխին կանգնած էր Բեշիր զորապետը և շտապեցնում էր նրանց, որպեսզի հենց նույն գիշեր ջուրը դարձնե դեպի խրամը։ Չնայելով որ մութը կոխել էր, այսուամենայնիվ, զորապետը չէր հեռանում այդտեղից։ Արաբական նժույգի վրա նստած՝ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը՝ գործավորներին շտապեցնելու համար։ Ըստ երևույթին նա չէր կամենում հեռանալ այդտեղից, մինչև որ յուր աչքով չտեսներ ջրանցքի բացումը։
Եվ ահա՛ հանկարծ Արտաշատու կողմից որոտընդոստ աղաղակներով արաբացոց վրա թափվեցան հայոց զորքերը և սրերով ու նիզակներով սկսան անխնա և աջ ու ձախ հարվածել։ Հարձակումն այնքա՛ն անակնկալ և թափն այնքա՛ն զորավոր էր, որ արաբացիներից ոչ ոք չհամարձակվեց դիմադրեր: Նրանք շփոթված ու սարսափահար ձգեցին բահերն ու գործիքները և սկսան փախուստ տալ դեպի Դվնո և Արտաշատու