Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմերը։ Չնայելով որ Բեշիրը սուրը հանեց և գոռալով խրախույս կարդաց զորականին, բայց նրան լսող չեղավ: Մի քանի տասնյակ հոդի, որոնք բահերով ու վաղակավորներով խիզախեցին հայերի դեմ, տեղն ու տեղը ջարդվեցան։ Այս տեսնելով Բեշիրը, ինքն էլ ձգեց ճակատը և ձին մտրակելով փախավ դեպի Դվին։ Հայերն աղաղակելով ընկան փախչողների ետևից և հալածեցին նրանց մինչև քաղաքի սահմանը, և ապա դառնալով գրավեցին ջրանցքը և կանգ առան այդտեղ։

Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ Դվնից նոր զորք բերելու մտքով։ Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց ու հեռատես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից։

-Քանի որ չգիտենք, թե ի՛նչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ի՛նչ կետերում են համախմբված նրանք և մութն արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել. առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք աստուծո լուսով և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել,-ասաց Նսըրը Բեշիրին և վերջինս բանավոր գտավ այդ խորհուրդը։

Եվ որքա՜ն մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող զորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից։ Ամոթի հետ միասին մի կատաղի զարույթ եկավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից։

-Հենց այս վայրկենին կջարդեմ բոլորին, թո՛ղ ոչ մի զորական չազատվի իմ սրից, -գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով՝ պատրաստվում էր դուրս գալ Դվնո պարիսպներից։

Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր Դվնո շրջապատը, տեսնելու համար թե էլ ուրիշ որտեղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է՝ Կարնո ճանապարհով,