-Ոչ, Սեդա, չէի մերժիլ. բայց դեռ հարց է, թե կժառանգե՞ նա հոր գահը։ Գիտե՞ս, թե որքա՜ն արգելքներ ունի բառնալու։ Արտաքին թշնամիները պիտի վանե, ներքինները` նվաճե. իսկ դրա համար հսկայական ուժ, հզոր աշխատություն և մեծ փորձառություն է հարկավոր։ Տեսնենք, թե երիտասարդ արքայորդին կունենա՞ այդ բոլորը։
-Եթե չունենա՞ հարցրի ես։
-Այն ժամանակ կընկճվի և հոր գահը կկորցնե։ Այդ դեպքում, հարկավ, կդժբախտանար իմ դուստրը, եթե նա սիրում լիներ արքայորդուն։ Իսկ այժմ նա ազատ է այդ երկյուղից։ Եթե Աշոտը կհաջողի հոր գահը պայազատելու, այն ժամանակ ես դարձյալ կփեսայացնեմ նրան։
-Գուցե հաջողության ժամանակ Գարդմանա օրիորդը նրան չգրավե,-ասացի ես իշխանին։
-Բայց Սահակ Սևադայի հզոր աջակցությունը կգրավե,-պատասխանեց իշխանը վստահությամբ,-քաջերի այն գունդը, որ ես տվի նրան, մեր նշանտուքի գրավականն է։ Նա ասաց, թե «այս օգնության համար կմնամ քեզ շնորհապարտ»։ Մենք իրար հասկացանք, և արքայորդին յուր խոստումը կկատարե. մանավանդ որ ապագայում պիտի կարոտի իմ աջակցության։
-Ուրեմն հարցը վճռվա՞ծ է, իմ Սահանույշը ապագա թագուհի՞ն է,- հացրիրի ես հորդ։
-Այո՛, այդպես որոշեցի ես, հենց որ արքայորդին մտավ Գարդման,-ասաց իշխանը հաստատուն ձայնով։ Եվ, ահա՛, այդ օրը, իմ սիրելի Սահանույշ, քո ապագա բախտը որոշվեցավ։
Ե.
ԹԵ Ի՛ՆՉ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԷԻՆ ՍՊԱՌՆՈԻՄ ԱՅԴ ԲԱԽՏԻՆ
-Արքայորդու զորքը մինչև Գարդման հասնելը,-շարունակեց Սեդան, ընդհարում էր ունեցել Բերդաձորում գտնվող հագարացի զորաց մի գնդի հետ, որին և ջարդել ու