Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցրել էր։ Այդ կռվի մեջ, սակայն, ծանր վերք էր ստացել արքայորդու զինակիցներից մինը, որ ստիպված էր մի առ ժամանակ մնալ մեր ամրոցում, մինչև յուր վերքր կբուժվեր։-Դա Մարզպետունի իշխան Գևորգն էր: Իշխան Սևադայի հրամանով, այլև իմ սրտագին ցանկությամբ, ինքս սկսա խնամ տանել մեր հիվանդ հյուրին, որին դարմանում էր բանակի հմուտ վիրաբույժը։ Իշխանի վերքը աջ թևի վրա էր։ Նա թեպետ անվտանգ, բայց առողջանալու համար ժամանակի պետք ուներ։ Եվ ահա՛ այդ պատճառով, որպեսզի պարապությունը ձանձրույթ չպատճառե նրան, ես հաճախ մոտը նստում և ժամերով հետը խոսակցում էի։ Գևորգ իշխանը սիրելի և բարեսիրտ անձն էր. շուտով նա մտերմացավ ինձ հետ։ Պատերազմական շատ մի անցքերի ու դեպքերի պատմություններն անելուց ետ, նա շատ տեղեկություններ հաղորդեց ինձ նաև արքայորդու մասին, տեղեկություններ, որոնք իմ համակրությունն ու հիացմունքը հետզհետե գրավում էին դեպի մեր ապագա թագավորը։ Մի օր, այսպիսի մի զրույցի ժամանակ, ասացի ես Գևորգ իշխանին.

-Կարծեմ Գարդմանա օրիորդը ապագա արքայի ամուսինը պիտի լինի։

-Ինչո՞ւ համար ես այդպես կարծում,-հարցրեց նա։

-Իշխան Սևադան այդպիսի մի ցանկություն հայտնեց,-ասացի ես,-իսկ մեր իշխանր մինչև որ հաստատ հույս չունենար, այդ զրույցը չէր անիլ։

-Այդ ցանկությունը չի իրագործվիլ,-նկատեց Մարզպետունին խորհրդավոր եղանակով։

-Ինչո՞ւ,-հարցրի ես զարմացած։

-Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,-պատասխանեց նա։

Ճշմարիտն ասած, ես շատ տխրեցի։ Գևորգ իշխանը արքայորդու մտերիմն էր, և որքան որ կարողացել էի ճանաչել` նա լուրջ և խոհեմ մարդ էր. ուրեմն թեթևամտությամբ չէր կարծիք հայտնում։ Այս հայտնությունն ինձ մտատանջության մեջ ձգեց։ Ի՞նչ պատճառ կարող էր արդյոք արգելք լինել այս միությանը՝ մտածում էի ինքս ինձ, և սակայն մի բան