Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ։

-Ահա գալիս են և մեր դաշնակից Աշոտի զորքերը,-ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին։

-Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք,-հոխորտաց զորապետը և յուր հրոսախումբը կարգավորելով, դուրս եկավ Դվնո պարիսպներից։

Բաբգեն իշխանի դրությունը խիստ ծանր էր։ Նա յուր հետ ուներ ընդամենը հինգ հարյուրի չափ զորք։ Եվ թեպետ դրանք հայոց ամենաընտիր քաջերիցն էին, այսուամենայնիվ չէին կարող երկար դիմադրել, եթե նրանց շրջապատեր ավելի մեծ բազմություն։ Բացի այդ, նրանք գտնվում էին Արտաշատու և Դվնո մեջտեղը, բաց դաշտի վրա և չունեին ո՛չ պատսպարվելու տեղ, ո՛չ էլ ժամանակ պատնեշ շինելու։ Արաբացիք կարող էին շրջապատել նրանց և տեղնուտեղը կոտորել։ Միակ փրկությունը ձգել հեռանալն էր։ Բայց այդ էլ չէին կամենում անել, որովհետև այն ժամանակ ջրանցքը կմնար արաբացոց ձեռքը, և նրանք մի կես ժամում թումբի մնացորդը փլելով՝ ջուրը կդարձնեին դեպի խրամը, որով և կոչնչանային թե՛ տարած հաղթությունը և թե՛ ապագա հաջողության հույսերը։

Աբաս թագավորը ղրկելով իշխանին այստեղ, ապահովացրել էր նրան՝ թե ինքը հետևյալ առավոտ, յուր բոլոր զորքերով, կգտնվի Դվնո առջև։ Բայց արևն ահա ծագում էր և, սակայն, արքայական բանակը չէր երևում ոչ մի տեղ, նույնիսկ հառաջապահ գնդեր չէին նշմարվում... Բաբգեն իշխանի հետամուտները, որոնք Արտաշատու բլուրներից դիտել էին ամեն կողմ, եկան և պատմեցին, թե միայն Կարնո ճանապարհի վրա տեսան մի հեծելախումբ, որ շտապով հառաջանում էր դեպի Դվին, իսկ մնացյալ տեղերում արաբացի պահակներից զատ ոչինչ չնշմարեցին։

-Կարնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ,-ասաց Բաբգենը.-մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից։