-Այն Ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թո՛ղ այնուհետև նրա Սմբատ ու Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և Դվինն առնելուց առաջ` իրանց եղբոր դիակը գրկեն։
-Իսկ եթե, հանկարծ, Դվինն առնե՞ն։
-Թո՛ղ առնեն, եթե կարող են. ճակատագրից չպիտի փախչենք, ես, գոնե, այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը։
-Բայց, տեր իմ, այդ որոշումը կարի վտանգավոր է,-նկատեց Բեշիրը.-այս հայերը բնավ խստասիրտ չեն. նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում նրա բնակիչներին։ Այդպես էլ, եթե Դվինը գրավեն, վնաս չեն հասցնիլ մեր անձին կամ նույնիսկ մեր զորքերին, եթե միայն քո ցասումը գործադրած չլինիս դու. բայց եթե Սահակ իշխանին սպանես, այն ժամանակ մենք ամենքս անխնա կջնջվենք։ Դու չես ճանաչում սյունեցիներին. բայց ես հաճախ ընդհարվել եմ նրանց հետ և ծանոթ եմ այդ ցեղի անսանձ կատաղությանը։ Նրանք չեն կարող տանել այն անարգանաց, որ դու կհասցնես նրանց իրանց իշխանին սպանելով։
Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ։
-Ի՞նչ անենք, ուրեմն,-հարցրեց նա վերջապես մտախոհ աչքերը զորապետին ուղղելով և յուր նոսր, աղեբեկ մորուքը հուշիկ շոյելով։
-Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ,-վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը։
Այս որոշման գալով` ոստիկանն ու զորապետը բաժանվեցան իրարից։
Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր։ Թագավորն ու իշխանները ապահով էին, որ ամեն կողմից շղթայած են Դվինը, մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմա՞մբ թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը։