Էջ:Muratsan, vol. 4.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը։ Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից Դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց Շարուրից հեռանալն իմանալով` շտապում էին թե՛ նրանց ճանապարհը փակելու (հուսալով մի որևէ տեղ հանդիպել նրանց) և թե՛ ոստիկանին տեղեկություն տալու։

Սպարապետն ընդունելով, թե դրանք իրանց ետևից շրջապատելու և Դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով։ Վերջինիս միացան նաև Մոկաց քաջերը։

Վեդիի ներքին հովիտներից մեկում սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել։

Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն` հարձակվել սկսան։

Այն ժամանակ սեպուհի հզոր ձայնը որոտաց և հայոց քաջերը մեծադղորդ աղաղակով ընկան թշնամու վրա։

Տեղի ունեցավ կատաղի ընդհարումն։ Բայց նա երկար չտևեց։ Արաբացիք իսկույն զգացին թե որքա՜ն բազմաթիվ են իրանց դեմ սուր շարժող բազուկները, ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ, սակայն, տասնյակ զինվորներ արժեց իրանց, զինադուլ խնդրեցին։

Վահրամ սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձիանը խլելով` իրանց գերի վարել բանակը։

Եվ որովհետև հետևյալ օրը նրանք տեղեկություններ տվին սպարապետին այն պահակախմբերի մասին, որոնք գտնվում էին Խլաթա, Բերդկանց և Կողբափորի ճանապարհներում, ուստի Մարզպետունի իշխանը` հրաման առնելով արքայից, մի քանի ստվար զորախմբեր ուղարկեց այդ կողմերը արաբացի հեծյալներին հալածելու համար, որպեսզի քաղաքի հետ ունեցած ընդհարման դեպքում նրանց ետևից