Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն աստիճան սաստիկ էին, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերն անմիջապես գրավեցին։

Բացի այդ, սպարապետի առաջնորդությամբ կռվող զորագունդը հաջողել էր քաղաքի երկաթյա դռներից մինը՝ բաբանից արձակված ռումբերով՝ ջախջախել, որից հետո զորականն սկսել էր դռան ետին սրահակը փորել։ Այդտեղ լցված խիճն ու ավազը դուրս հանելուց ետ, արդեն պիտի բացվեր քաղաքի մուտքը։ Թեպետ արաբացիք կարող էին նրա առաջ փայտի ու նավթի հրդեհ բորբոքել` ներս խուժողներին արգելելու համար, բայց դիմադրության այդ միջոցը երկար չէր տևիլ. հրդեհի նյութը վերջ ի վերջո կսպառեր կամ հայոց հրշեջները կհանգցնեին նրան։

Բեշիրն այդ անդարմանելի վնասը տեսնելով՝ շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրանց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ:

Նսըր ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե «եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ», սաստիկ վախեցավ, երբ զորտպետի խոսքերը լսեց։

-Միջնաբերդը մեզ չի պաշտպանիլ, քանի որ քաղաքի պարիսպներն ու պատնեշները չեն կարողանում պաշտպանել,-ասաց նա Բեշիրին.-եթե Արտաշատը գրաված չլինեին, այն ժամանակ գոնե կարելի էր հուսալ միջնաբերդի վրա, որովհետև նրա գետնափորով կարող էինք ապաստանել Արտաշատին, եթե անխուսափելի վտանգ հասներ մեզ։ Փախստյան այդ ճանապարհը փակված լինելով՝ մեծ չարիք կհասնե մեզ, եթե ամրանանք միջնաբերդում։ Դրանով նախ՝ մենք չենք կարող ապահովել մեզ, որովհետև հայերը կա՛մ վերջ ի վերջո բերդը կգրավեն, կա՛մ երկար պաշարումով սովամահ կանեն մեզ. երկրորդ` մենք այդ ընդդիմությամբ ավելի կգրգռենք մեր թշնամու զայրույթը և նա, միջնաբերդը գրավելուց հետո, այլևս չի խնայի ո՛չ զորականին և ո՛չ մեր անձին։