Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անելով արաբացիներին, քաղաքն ու բերդն առան իրանց հսկողության տակ։

Հաղթության լուրը հասավ հայոց բանակը և ուրախությամբ լցրեց ամենքին, որովհետև Արաաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ Դվինից զատ՝ կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը։

Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ սեպուհի և Սյունաց, Մոկաց և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը։

Արևը դեռ նոր էր Գեղա բարձունքը ոսկեզօծում և սակայն կռիվն սկսված էր արդեն։

Նետաձիգ գնդերը իրանց նետերի տարափն էին տեղում, բաղիստրավորները սվիններ էին արձակում, պարսատիկներից կրակ էին ցրվում, բաբանները ահավոր ռումբեր էին նետում, իսկ խոյերն ու էշերը փորում, խրամ ատում էին պարիսպներից։ Ինչ վերաբերում է շարժական աշտարակներին, նրանք մարտնչում էին բուրգերի ու մարտկոցների հետ՝ մի տեղ վանելով պահակախմբերը, մյուս տեղ շարժական կամուրջներ վարսելով, երրորդ տեղում բուրգի կողերը փլելով և այլն։

Սաստիկ և աննահանջ հարձակումը մեծ վնասներ էր պատճառում պաշարյալներին, կոտորում էր զորքերը, հրդեհում էր մերձակա շինությունները և խախտում, անպիտանացնում էր ամրությունները։ Այսուամենայնիվ արաբացիք դիմադրում էին քաջությամբ։ Նրանց նետաձիգներն ու սվինավորները փոխարինում էին հայերին՝ սրանցից ստացված վնասը։ Բացի այդ, նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրանց երկաթե կարթերով ու ձողերով գլորեցին և կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և վերելակներ։

Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում` նվագում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ։ Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը