Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահով լինելու համար. նրան հետևեցին դաշնակից իշխանները՝ յուրաքանչյուրը յուր զորախմբով և իշխանական դրոշով։ Ապա գալիս էր Վահրամ սեպուհը, աոաջնորդելով հեծյալ գնդերին։ Դրանց հետևում էր արքայական հեծելախումբը՝ թագավորական դրոշակով, և ապա ինքը Աբաս թագավորը՝ շրջապատված յուր ազատագունդ թիկնապահներով։

Ամենից հետո գալիս էր Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին Մարզպետունյաց Տան դրոշը։

Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ, սպարապետի առաջին գործն եղավ տեղեկանալ, թե որտեղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը։ Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ և մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը՝ և որին տակավին հսկում էին արաբացի պահապաններ, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ։

Թագավորը, տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և փարելով իշխանին՝ ասաց.

-Միայն ի պատիվ քո ազատության՝ ներում եմ ես ոստիկանին։ Թո՛ղ ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր Դվնո բարիքները։

Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասունքն աչքներին փարեցին իրար։ Նրանց ուրախության մասնակցեցին բոլոր իշխանները։

Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց ս. Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրանց։ Արքային դիմավորեց Դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով։

Տաճարից դուրս գալուց ետ Աբաս թագավորը գնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրաված էին արաբացիք, բայց սպարապետն շտապել, պատրաստել էր տվել արքայի բնակության համար։

Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը՝ հալածելով