այդտեղից արաբական պաշտոնյաներին։ Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքներն ու աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա։
երբ Գևորգ Մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, զգացվեց և արտասվեց:
-Ահա՛ վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը,-բացականչեց նա հուզված ձայնով, -բայց ու՞ր է կաթողիկոսը, ու՞ր է նրա գահույքը... ինչու՞ այդ մարդը չհամբերեց այնքան, որ աստուծո աջը օգնության հասներ...։
Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու։
Այսուամենայնիվ ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով։
Ը
ՏԱՍՆ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՈԻՑ ՀԵՏՈ
Դվնո առումից հետո՝ անցել էին տասն և հինգ երկար տարիներ։ Այդքան ժամանակի մեջ Աբասը թագավորում էր խաղաղությամբ։ Հայաստանի ժողովուրդը մոռացել էր արդեն թշնամիների հարձակումը, հափշտակության, ավազակության և նման արհավիրների գոյությունը։ Շինականն ազատ արորադրում ու սերմանում էր արտը, այգեպանը՝ դարմանում յուր որթերը, պարտիզպանը` յուր ծառերը, առանց երկյուղ կրելու, թե՝ ահա մի որևէ անակնկալ հարձակում կավերե, կոչնչացնե յուր նեղության և քրտնանց արդյունքները: Այդպիսով խոպան դաշտերը, ոստաքանդ այգիները, ոտնակոխ պարտեզները նորեն մշակվել, գեղազարդվել էին և լցվել բնության բազմազան բարիքներով։