որում նրա ունեցած ամրությունները բավական չէր համարում:
Եվ այսպես չգոհանալով բնության ստեղծագործությամբ, նա ավելացրեց նրա վրա արվեստի գյուտերը։ Նախ միջնաբերդի շուրջը պատեց հզոր պարիսպով և ատամնավոր աշտարակներով, իսկ բերդի շուրջը քաջապես դիտելու համար՝ նրա արևելյան անկյունում կանգնեցրեց բարձր և մեծամուր բուրգ։ Բերդի մուտքերը փակեց երկաթյա դռներով, իսկ նրանց առաջ կանգնեցրեց քարաշեն պատնեշներ։ Ապա բերդի ներսում շինեց մթերանոցներ զենքերի և պաշարի համար, իսկ դրանց մեջտեղում փորել տվավ ահագին ջրամբար, երեք հարյուր քարակտուր սանդուղքներով, որոնց վերջինը հավասարվում էր քաղաքի հատակին։ Դրանով ջրի պաշարը, որ հաճախ անձնատուր լինելու պատճառ էր դառնում, ապահովվում էր ընդմիշտ։
Միջնաբերդի ամրությունները վերջացնելուց հետո, թագավորն սկսավ քաղաքն ամրացնել։ Նախ՝ նրա արևելյան և հարավային կողմերը պատեց կրկին պարսպով, քառակուսի աշտարակներով և դժվարամատույց պատնեշներով։ Ապա նույն կողմերից փորեց ահագին խրամ, որ և միացնելիս քաղաքի արևմուտքն ու հյուսիսը փակող դեպի հետ, քաղաքը յուր միջնաբերդով և քառակուսի դիրքով գրեթե կղզիացրեց։ Եվ որովհետև Կարսը երեք կողմերից, այն է՝ արևելքից, արևմուտքից և հյուսիսից շրջապատված էր թումբերով, բլուրներով և խորաձորերով, ուստի թագավորն այդ ամենի վրա հարմարավոր դիրքեր ընտրելով, կանգնեցրեց բազմաթիվ մարտկոցներ և փոքրիկ, պատնեշապատ բերդեր, որոնք պատերազմի դեպքում պիտի ծառայեին քաղաքին իբրև հառաջապահ պատնեշներ։ Այդ բոլոր տեղերը նա լցրեց զորքերով, պահակախմբերով և պատերազմական զենքերով ու մեքենաներով։
Այդ ամենը վերջացնելուց հետո, թագավորն սկսավ քաղաքը բարեկարգել։ Նախ այնտեղ շինեց արքայական հոյակապ ապարանք, իսկ միջնաբերդում գեղեցիկ դղյակ, որից հետո և Աթոռը Երազգավորսից փոխադրեց Կարս և վերջինս հռչակեց Արքայանիստ Ոստան։ Ապա սկսավ զարդարել