Էջ:Muratsan, vol. 4.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրությունից, իսկ Դվինն ընդարձակ դաշտի վրա լինելով՝ մեծ ուժ էր պահանջում պաշտպանվելու համար։

Եվ որովհետև Վանա անառիկ բերդի պատկերը չէր հեռանում թագավորի աչքի առջևից, ուստի նա մտածում էր նույնպիսի մի ամրություն, եթե չգտնվի իսկ, ստեղծել յուր երկրում, որպեսզի յուր նախորդների կրած նեղություններից ընդմիշտ ազատ մնա ինքը։

Այս դեպքում, իհարկե, նա խորհուրդ արավ Գևորգ Մարզպետունու հետ, որ ռազմագիտական փորձառության հետ միասին քաջածանոթ էր, մանավանդ, հայրենի երկրին և սա ամենից հարմար և բնական ամրություններով օժտված տեղը՝ Վանանդ գավառի Կարս քաղաքը գտավ, որ նորա ասելով, կարող էր գահի համար ապահով ու զորավոր կայան դառնալ։

Այդ բերդաքաղաքը, հին ժամանակներում պատկանում էր քաջազգի վանանդացոց նախահայրերին։ Բայց բուն սկզբնավորությունն անհայտ էր մարդկանց և, հարկավ, վերաբերում էր անհիշատակ ժամանակներին։ Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում, Կարուց գետի վրա և օժտված էր բնական շատ մի ամրություններով։

Արևմտյան և հյուսիսային կողմից նրան արմնկաձև պատում էր գետը, որ ուներ խոր հատակ և ժայռապատ ափունք, որոնք և քաջապես պաշտպանում էին նրան այդ կողմից։ Իսկ արևելյան և հարավային կողմից բարձրանում էին պարիսպներ և ժայռաշեն աշտարակներ, որոնք և կազմում էին այդ կողմի ամրությունները։

Քաղաքի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվում էր միջնաբերդը, որ բարձր և անկռվելի քարափանց վրա թառած, պաշտպանվում էր միայն բնության ստեղծած ամրություններով, այն է, երկու կողմից՝ գետի խորահատակ հոսանքով և առապար ափափաներով, իսկ մյուս կողմից՝ ուղղաբերձ և պարեխավոր ժայռերով, որոնք անմատչելի էին դարձնում նրան նույնիսկ ճարպիկ քարագնացներին։

Այդ տեղը ընտրելով յուր համար աթոռանիստ, Աբաս թագավորը նախ և առաջ սկսավ միջնաբերդը զորացնել, ըստ