Էջ:Muratsan, vol. 4.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեռած, իսկ ինքը Ափխազիայում նրան տված գավառները նորեն գրաված էր, այսուամենայնիվ, ցանկացավ օգուտ քաղել եղած դաշնադրությունից։ Եվ հավատացած լինելով թե՝ կարող է ցանկացած նահանգները բռնությամբ խլել հայերից, մեծ զորք Ժողվեց և մտավ Տայոց երկիրը։

Աբաս թագավորն այդ լուրն առնելով՝ շվարեց, որովհետև չէր կամենում պատերազմ սկսել որևէ դրացու հետ։ Նա գնահատում էր խաղաղության արժեքը և, մանավանդ, խնայում զորքերի կյանքը, որոնց սիրում էր յուր որդիների պես։ Բացի այդ, յուր աներձագն էր, ուստի հույս ուներ թե՝ կարող է առանց պատերազմի՝ բանավոր հորդորներով համոզել և վերադարձնել նրան յուր երկիրը։

Այս պատճառով թագավորը խորհուրդ արավ Գևորդ Սպարապետի հետ, և ինքնագիր նամակ գրելով Բերին, հարցրեց նրան թե՝ ինչո՞ւ համար է զորքով յուր երկիրը մտել: «Եթե մի կարևոր պատճառ քեզ չի ստիպում իմ և քո երկրների խաղաղությունը վրդովել, ավելացնում էր թագավորը յուր նամակում, ապա ուրեմն հիշիր որ ես քո քեռայրն եմ և քրիստոնյա դրացիդ. հետևապես իմ բարեկամությունն ավելի շահ կարող է բերել քեզ, քան քո թշնամությունը։ Մտածիր ուրեմն լրջությամբ. հեռացիր աշխարհակալ ցնորքներից և գիտցիր որ այն ազգը, որ ստիպեց քեզ լուռ մնալ տասնևհինգ երկար տարիներ, կստիպե այժմ հավիտյան լռել, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ»։

Նամակը թագավորը հանձնեց Գոռ իշխանին, որպեսզի սա, Ափխազաց թագավորից անհաջող պատասխան առնելու դեպքում, ուշի ուշով ծանոթանա նրա պատերազմական զորության հետ և այնպես վերադառնա Կարս։

Մինչև Գոռ իշխանի հասնիլն՝ Ափխազաց թագավորն հառաջացել էր դեպի Գուգարք և մտնելով նրա Արտահան գավառը, բանակ էր գրել Կուր գետի աջ ափին, Արտահան բերդից դեպի հյուսիս։

Իշխանը հասնելով Ափխազաց բանակը, ներկայացավ թագավորին։

Վերջինս էլ առաջվա նրբակազմ երիտասարդը չէր։ Նա պարարտացել էր և մարմինը յուր բարձր հասակի համեմատ