աճելով, տվել էր նրան մի զորեղ հսկայի կերպարանք։ Երիտասարդական դեմքը փոխվել էր առնականի, աղու աչքերը դարձել խստահայաց, իսկ քնքուշ, միշտ ժպտացող երեսը՝ ծածկվել հարուստ ընչացքով ու մորուքով, որոնք նրան դարձնում էին խիստ խոշորագեղ։
Բերը Գոռ իշխանին ընդունեց իր վրանում, բայց կարի սառնությամբ, և առնելով նրանից Հայոց թագավորի նամակը, տվավ յուր դպրապետին՝ հրամայելով նրան կարդալ ի լուր Ափխազաց իշխանների։
Նամակի ընթերցանության ժամանակ, նա դեմքի վրա խաղացնում էր արհամարհական ժպիտ, իսկ երբեմն էլ հոնքերը պռստելով՝ պատրաստվում էր կարծես շանթ ու կրակ թափելու։
Երբ դպրապետը հասավ վերջաբանին, ուր Աբասն ասում էր՝ «Հայերը կստիպեն քեզ հավիտյան լռելու, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ», Բերը զայրույթից կատաղեց։
-Գնա՛ և ասա՛ քո թագավորին,-որոտաց դեպի Գոռը,-որ ես կարևոր չեմ համարում բացատրել նրան, թե ի՞նչ պատճառով եմ յուր երկիրը մտել։ Այսքանը միայն կասեմ որ ես լսել եմ թե՝ նա նոր ու հոյակապ եկեղեցի է կառուցել Կարսում և պատրաստվում է նրա օծման նավակատիքը կատարել։ Ասա՛, որ ես եկել եմ այդ եկեղեցին Վրաց ծեսով օծել տալու և մինչև որ ես չմտնեմ Կարս, նա չպիտի համարձակվի որևէ հանդես կատարել...։
-Շատ բարի, մեծազոր թագավոր, մենք ուրեմն կընդառաջենք քեզ ավելի պատվով մեր մայրաքաղաքը տանելու համար,-պատասխանեց Գոռը հեգնությամբ և դուրս գալով թագավորի վրանից, ժողովեց իսկույն յուր մարդիկը և վերադարձավ Վանանդ։
Ներկայանալով արքային՝ նա հաղորդեց նրան ափխազաց թագավորի պատասխանը, ընդ նմին և պատմելով յուր առաքելության մանրամասնությունները։
Երբ թագավորը տեղեկացավ, նաև, Գոռ իշխանի տված պատասխանի մասին, ուրախությամբ բացականչեց.
-Կեցցե՛ս իմ քաջ, դու պատասխանել ես նրան այնպես,