Էջ:Muratsan, vol. 4.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորեն երիտասարդացավ, նոր ոգի ու եռանդ ստացավ։ Մի քանի ժամ հանգիստ առնելուց և զորքին էլ հանգիստ տալուց հետո, նա աշտանակեց յուր նժույգը և ոտի հանելով զորքը, սկսավ նրա կազմվածը կարգավորել։ Որովհետև կասկածում էր, թե գուցե ափխազցիք անակնկալ հարձակում անեն իրանց վրա, հուսալով թե այդպիսով կշփոթեն Հայոց հոգնած բանակը։

Այն մարդը, որ վերջին ժամանակները՝ միայն երդումից ազատվելու և Գառնո մեջ թաղվելու վրա էր մտածում, հանկարծ մոռացավ ամեն բան, երբ հայրենիքի տոհմական թշնամու բանակը տեսավ։ Նրան թվում էր թե՝ մահմեդական հագարացիներից ավելի գարշելի են քրիստոնյա դրացիները, որոնք ագահության և անարգ շահասիրության պատճառով՝ չէին խղճահարվում խաղաղակյաց մի ժողովրդի, կրոնակից մի դրացու անդորրությունը խանգարել, որոնք գալիս էին ավեր ու ապականություն սփռելու մի ազգի մեջ, որ յուր բյուրավոր նահատակների արյամբ գնել էր Արևելյան եկեղեցու փրկությունը և որի որդվոց անձնվիրությանն էին պարտական դրանք իրանց երկրների խաղաղությունը։

Վրեժխնդրության ոգին ծնունդ առավ այդ ծերունու մեջ և նա ինքն իրեն երդվեց. «Կա՛մ մեռնել այդտեղ, կա՛մ վերջնականապես ջախջախել այս հինավուրց թշնամուն...»։

Եվ նա իզուր չէր այդ երդումը երդվում. նա զգում էր այդ վայրկենին, որ նա այժմ էլ կարող է այնպես սուր շարժել, ինչպես առաջ, կամ նիզակով շամփրել նույնքան շեշտակի, որքան և յուր երեսնամյա հասակում։ Եվ իրավ, այն միջոցին, որ նա կրակոտ նժույգի վրա նստած արշավում էր աջ ու ձախ և հրամաններ տալիս զորքին, նա կայտառ էր և աշխուժոտ, ինչպես մի երիտասարդ։ Սպիտակ մազերն ու ալեզարդ մորուքը ոչ միայն չէին նվազեցնում սպարապետական արժանիքը, այլև կրկնապատկում էին, տալով նրա դեմքին մի առանձին վեհություն, իսկ զեն ու զարդին՝ ասպետական շուք: Երբ նա հրաման էր տալիս զորքին, նրա ձայնը դարձյալ որոտում էր ինչպես տասնյակ տարիներ առաջ, իսկ զորականն այդ ձայնին հնազանդվում էր կուրորեն, որովհետև նա ոչ թե սիրում, այլ պաշտում էր յուր հինավուրց զորապետին։