Էջ:Muratsan, vol. 4.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսավ այդտեղից վանել պահակներին, իսկ մյուսը` շրջապատեց վրանների հրապարակը։

Հայերը թեպետ արդեն զինավառ՝ բայց փակված էին թշնամիներով. այսուամենայնիվ սպարապետի խրախույսը առաջ մղեց նրանց և մի քանի կետերի վրա սկսավ կատաղի դիմամարտ։ Ափխազցիներր մտածել էին զինաթափ անել հայերին. և հենց այդ պատճառով աշխատում էին շարունակ ետ մղել նրանց դեպի վրանները։ Հայերը, ընդհակառակը ջանք էին անում ափխազաց գնդերը ճեղքելու։ Այս պատճառով ընդհարումը գնալով սաստկացավ և երկու կողմերն սկսան կռվել սաստկությամբ, առանց մինը մյուսին մի քայլ տեղի տալու։

Աբաս թագավորը, որ վստահ էր սպարապետի փորձառության վրա և րոպե առ րոպե սպասում էր թե՝ պիտի հաջողե նա թշնամու շղթան պատռելու որ հետզհետե զորանում են, իսկ հայերը, ընդհակառակն, ետ մղվում դեպի վրանները, շտապեց, զրահն ու զենքերը հագավ, ամեհի նժույգն աշտանակեց և փայլուն սուրը մերկանալով՝ դիմեց դեպի թշնամին.

-Օ՜ն, հառա՜ջ, քաջերս,-որոտաց նա, և արքայի ձայնը ցնցեց հայերին։ Մարտիկները տեսնելով որ թագավորը ինքը աջակցում է իրանց, կռվելով հասարակ զորականի շարքում, նոր ոգի առան և ուժգին թափով ընկան թշնամիների վրա։ Թագավորի սուրը ճանապարհ բացավ նրանց համար և ափխազաց քաջերը ետ մղվեցան մի վայրկյան։

Բայց որովհետև ընդհարումը կենտրոնացած էր բանակատեղում, ուր հայերը շարժվելու ազատություն չունեին, ուստի հույս էլ չկար, թե նրանք կարող են դուրս վանել թշնամուն։ Բայց մի հանգամանք հաջողեց նրանց գործը։

Սիսական իշխանները, որոնք իրենց զորքերով բանակած էին մի ասպարեզ հեռու` իմանալով ափխազցիների անակնկալ վերադարձը և արքայական բանակի վրա արած հարձակումը, պատրաստեցին իսկույն իրանց զորքերը և երկու մասի բաժանելով նրանց, ընկան թշնամու վրա երկու հակառակ կողմերից և սկսան սաստկապես հարվածել նրանց։

Ափխազցիք ստիպվեցան կռվել նոր ուժերի դեմ և այն՝ իրանց միությունը մի քանի տեղ բաժանելով։ Այդ պատճառ