Էջ:Muratsan, vol. 4.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղավ, որ զանազան կետերում նրանք սկսան վերջոտնել։ Եվ, ահա, հետզհետե դուրս մղվեցան դեպի դաշտը։ Այդպիսով հաջողության աստղը հայոց կողմը թեքվեցավ և նրանք ուժգին թափով ընկան հակառակորդների վրա։ Կռիվը բորբոքվեցավ ընդարձակ դաշտում և հետզհետե կատաղի կերպարանք առավ։ Երկու կողմերն էլ խիզախում էին քաջությամբ, որովհետև յուրաքանչյուր կողմից կռվում էր մի թագավոր, իսկ նրանց հետևում էին քաջ զորավարներ, որոնք շարունակ գոչելով ու խրախուսելով` իրանք էլ կռվի դաշտում պտրում էին հակառակորդները։

Բայց ուժգին ընդհարումը մեծ կոտորած պիտի աներ և հաղթությունը երկար անորոշ պիտի մնար, եթե հայոց սպարապետը` յուր զորքի ճակատագիրը որոշելու համար, հին պարթևական հնարագիտության չդիմեր։ Նա հրամայեց Գոռին և Արքայորդուն փախուստ տալ նրանց նետաձիգ գնդերով և հրապուրել ափխազցիներին իրենց հետևելու։

Գոռն ու Արքայորդին հնչեցնել տվին փախուստի պայմանական փողը և հայոց նետաձիգ գնդերն սկսան արագությամբ փախչել։

Ափխազաց հեծելազորը հաղթական աղաղակով ընկավ նրանց ետևից և բուն բանակից բաժանվելով սկսավ հալածել փախչող հայերին։

Այն ժամանակ կռվող հայերն ընկան մնացորդ ափխազցիների վրա և ուժգին թափով ետ մղեցին նրանց դեպի Կուրի ափը։

Իսկ փախչող հայ գնդերը երբ տեսան, թե հետամուտներին բաժանել են բանակից և բավական հեռացել, ետ դարձան մի ակնթարթում և սկսան նետերի տարափ տեղալ նրանց վրա։

Այս հնարը, որին վաղուց վարժված էին հայերը, շվարեցրին ափխազցիներին։ Նրանք տեսան, որ չարաչար խաբվել են։ Եվ որովհետև ոչ նետերի դեմ կարող էին գնալ և ոչ էլ նորեն իրենց բանակը դառնալ, ըստ որում հայերը փակել էին ճանապարհը, այդ պատճառով ազատության միակ ելքը փախուստի մեջ գտան։

Միևնույն ձևով սկսան վերջոտնել նաև գետափում կռվողները,