Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հուսով եմ, որ այդ գաղտնիքը քո սրտի մեջ էլ կմեռնի։

-Անշուշտ,-հարեցի ես։

-Արքայորդին չի կարող ամուսնանալ իշխան Սևադայի դստեր հետ այն պարզ պատճառով, որ նա սիրում է ուրիշին, որին և նվիրված է հոգով ու սրտով,-ասաց իշխանը գրեթե շշնջալով։

-Ո՞ւմ, մայր Սեդա, ո՞ւմ. Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞. ասա՛ շուտ. այնպես չասա՞ց իշխանը...-տեղից վեր թռչելով և կարծես շնչասպառ բացականչեց թագուհին։

-Իսկույն, սիրելիս, իսկույն, մի՛ շտապիր, մի՛ վրդովվիր. այդպիսով եղածից ոչինչ չես փոխիլ, այլ միայն քեզ կտանջես։

-Ա՜խ, Սե՛դա, համբերությունս սպառում ես, ասա՛, ի՞նչ ես ծանրացնում։

-Ասո՛ւմ եմ, էլի՜։

-Ուրեմն Ցլիկ֊Ամրամի կնոջը, այնպես չէ՞։

-Ո՛չ:

-Հապա՞։

-Ցլիկ-Ամրամն այն ժամանակ մինչև անգամ ամուսնացած չէր։

-Ո՞ւմն էր սիրում ուրեմն։

-Սևորդիների նահապետ Գևորգ իշխանի դստերը։

-Գևորգ իշխանի՞, ա՛յն, որ յուր Արվես եղբոր հետ միասին Ափշինի ներքինապետից Փայտակարանում նահատակվեցա՞վ։

-Այո՛, թագուհի։

-Էհ, այդ միևնույն անձն է։ Գևորգ նահապետի դուստրը, nր մի օր արքայորդու հարսնացուն էր, այսօր արդեն Ցլիկ-Ամրամի կինն է...

-Այո՛, այդպես է...

-Եվ իմ թագավոր ամուսնու սիրուհին...

-Կամաց... սիրելի թագուհի, մեզ կարող են լսել։ Նաժիշտները շատ անգամ լրտեսում են։

-Ա՛խ, Սեդա, այսուհետև այլևս ի՞նչ զգուշություն... իմ վիշտը ուրեմն հայտնի է ամենքին...