Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանը գլուխը շարժեց և ժպտալով ասաց.

-Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ իմ ամուսնուն, Գոհար իշխանուհուն։ Ների՛ր ինձ, քույր Սեդա, դու պատվական կին ես, բայց ես կասեմ, որ առհասարակ վախենում եմ գաղտնիքներ հայտնել կանանց։

-Ա՜խ, իշխան, այդ հին նախապաշարմունք է, որ շարունակ ժառագություն է մնում հորից որդուն,-ասացի ես,-կանայք իսկապես ավելի գաղտնապահ են, քան տղամարդիկ։

Իշխանը ծիծաղեց։

-Դու այդպես չե՞ս ընդունում,-հարցրի նրան։

-Մենք այնպես մտերմացել ենք, քույր Սեդա, որ ես ազատ կարող եմ իմ մի քանի կարծիքները հայտնել քեզ,-ասաց իշխանը ժպտալով,-կանայք պինդ պահում են միմիայն իրանց սիրային գաղտնիքները, իսկ մնացյալի համար նրանց բերանը դուռ չունի։

Ես ծիծաղեցի, որովհետև համաձայն էի իշխանի հետ, բայց միևնույն ժամանակ ավելացրի.

-Կապացուցանեմ քեզ, իշխան, որ մինչև այսօր ճանաչածդ ոչ մի կնոջ չեմ նմանում ես։

-Բոլոր ինձ պատահած կանայք այդպես են խոսել իրանց մասին,-նկատեց իշխանը շարունակ ծիծաղելով,-նրանցից ոչ մինը չի կամեցել նմանվել յուր քրոջը, բայց ես իմ կյանքում դեռ չեմ պատահել մի կնոջ, որ տարբեր լինի մյուսից որևէ մի բանով։ Միակ տարբերությունը եղել է այն, որ ամենից լավագույնը հենց ամենից թույլն է եղել։

-Դու այդպես խիստ ես խոսում, որպեսզի ես վշտանամ և ետ առնեմ խնդիրս,-ասացի իշխանին,-բայց ես չեմ վշտանում, այլև իրավունք եմ տալիս քեզ ճշմարտությունը խոսելու և միևնույն ժամանակ պնդում եմ` որ ես իմ օրինակով կապացուցանեմ, թե կան աշխարհում կանայք, որոնց վրա կարելի է վստահիլ:

-Ես սպասում էի քո այդ խոստման, քույր Սեդա, որ խնդիրդ կատարեմ և պարտքից ազատվեմ,-ասաց իշխանը լրջությամբ.-այժմ կհաղորդեմ քեզ այն գաղտնիքը, որ հայտնի է միայն ինձ, իբրև արքայորդու մտերմին ու նիզակակցին,