Էջ:Muratsan, vol. 4.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան:

Եվ ահա բանակի վերջում երևաց Գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին։ Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր վանանդացիք։

Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին Արքայի առաջ։

-Ողջո՛ւյն քեզ, Ափխազաց դյուցազն,-խոսեց Աբասը խաղաղ ձայնով։

-Ողջո՛ւյն, քեռայր,-պատասխանեց Բերը, հպարտ նայվածքով։

-Քեռա՞յր... մի՞թե այդ անունն ես տալիս ինձ,-հարցրեց թագավորը։

-Այո՛։

-Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը...

-Նա իմ ժառանգության հափշտակիչն է, և ուրիշ ոչինչ,-ընդհատեց Բերը հանդգնորեն։

-Կարծում էի թե՝ քո մեջ կգտնեմ մի ընկճված հոգի և զղջացող սիրտ,-նկատեց թագավորը ծանրությամբ.-կարծում էի թե՝ պիտի խոնարհիս և ներում խնդրես այն չարյաց համար, որ հասուցիր ինձ և այն վնասուն, որ պատճառեցիր թե՛ քո բանակին և թե՛ իմ զորքին, անիրավաբար և անխղճորեն կոտորել տալով հազարավոր հոգիք, որոնցից մինի՝ գեթ մի անդամը դու ստեղծելու կարողություն չունիս... բայց դու տակավին անզեղջ ես և անդարձ և խոսում ես ինձ հետ նույն հանդուգն լեզվով, որով խոսել էիր իմ պատգամավորի հետ։ Արդյոք ձանձրացե՞լ ես կյանքից և մա՞հ ես պտրում, թե՞ ում հետ խոսիլդ ես անգիտանում։

-Կյանքից չէր կարող ձանձրանալ Ափխազիո թագավորը, որ իշխում էր ընդարձակ երկրների վրա, որ ուներ հարստություն, փառավոր ապարանքներ և գեղանի հարճեր... այդ պիտի գիտենա իմ քեռայրը։ Իսկ թե ո՞ւմ հետ եմ խոսում, այդ էլ չեմ անգիտանում։ Դու Հայոց արքան ես, այո՛, և հաղթել ես ափխազներին ու գերել նրանց քաջ թագավորին. այդ մեծ փառք է քեզ համար, խոստովանում եմ. բայց ես այդ փառքը չեմ կրկնապատկիլ քո առաջ խոնարհելով և ներումն