Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսուամենայնիվ հայերը հալածեցին փախչողներին և նրանցից շատերին անխնա կոտորեցին, ըստ որում հավատում էին թե` որքան քիչ լինի թշնամիների թիվը, այնքան ավելի հանգիստ կլինի Հայրենիքը. ապա վերադառնալով ճակատի տեղը, նրանք ժողովեցին ընկածների կողոպուտը և ուրախ սրտով դեպի բանակատեղը դարձան։

Թ

ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄՈԻ ՎԱԽՃԱՆԸ

Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար թե՝ ի՞նչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը։ Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրանից մոտ հինգ հարյուր զինվոր։

Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել։

Նա հրամայեց բերել յուր առաջ Ափխազաց թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները։

Արքայական վրանի շուրջը գտնվող ընդարձակ դաշտի վրա` շարեշար կանգնած էին Հայոց զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի։ Վրանի աջ կողմը բռնել էին Դրանիկները, իսկ ձախը՝ Ազատաց գունդը։ Դրանց հետևում էին Սեպուհ կոչվածները, ապա՝ Արարատյան, Բասենյան, Սիսական, Ուտիացի, Տայեցի և այլ գնդերը, որոնցից հետևակները՝ առաջին, իսկ հեծյալները՝ վերջին շարքերում. բոլորն էլ սպառազինված։ Դրանցից ամեն մեկի առաջ կանգնած էր յուր գնդապետը զրահազգեստ և տոնական զեն ու զարդով։

Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին սպարապետը, արքայորդին, Վահրամ Սեպուհը, Սյունյաց իշխանները և ոստանիկ թիկնապահները։ Դրանք բոլորն սպասում