-Եվ լավ բան չես անում. միթե չգիտե՞ս որ Մարզպետունի իշխանը՝ դեռ մինչև այսօր՝ ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարվեր... Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին։
-Բայց...
-Հա, ի՞նչ կա, խոսի՛ր։
-Թագուհին ինքն է կամենում իմանալ այդ:
-Թագուհի՞ն... Օ՜, այդ չպետք է ինձ հայտնեիր. ես արդեն գուշակում էի։ Բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել։ Գնա՛, ուրեմն, և ասա նրան թե՝ պատերազմի դաշտում մենք կորցրել ենք հինգ հարյուր քաջարի զինվոր, և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և հարցրել ինձանից, թե ո՞ւր մնաց յուր եղբայրը և ի՞նչ արինք նրան:
Այս ասելով սպարապետը շուռ եկավ և հեռացավ իշխանուհուց, առանց այլևս նոր հարցի սպասելու:
-Գիտեի, գուշակում էի... Հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե... շտապենք ուրեմն քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել,-շշնջաց ինքն իրան սպարապետը և հետևելով թագավորին, որ եկեղեցուց ելնելով՝ աշտանակում էր երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ։
Բայց ի՞նչ պիտի անեին նրանք ս. Առաքելոց եկեղեցում:
Մի քանի օր առաջ, մինչդեռ զորքը բանակած էր Արտահանում, թագավորը խորհրդի էր հրավիրել իշխաններին որոշելու համար թե՝ ի՞նչ պիտի անեն գերի ընկած Բերին։
Իշխաններից մի քանիսը խորհուրդ տվին՝ սպանել, մյուսները բանտարկել, իսկ սպարապետը, որին շատ նեղություններ էր պատճառել այդ հինավուրց թշնամին, պահանջեց որ կուրացնեն նրան։
Թագավորը, որ թագուհուն վիշտ չպատճառելու համար՝ բանտարկելու կողմն էր, բայց, միևնույն ժամանակ, բազմերախտ սպարապետի պահանջը մերժել չէր կամենում, ասաց նրան.
-Աչքեր կուրացնելը նույնպես հանցանք է, որպիսին է և սպանությունը։ Եթե ես կուրացնեմ Բերին, այդ հանցանքը