Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ վրա պիտի ծանրանա, բայց ես չեմ կամենում, որ այդպիսի լավագույն նպատակներիցդ մեկը մնա անգործադիր։

-Ի՞նչ նպատակ,-հարցրեց Սպարպեաը զարմանալով։

-Դու ցանկանում էիր երդումից ազատվել և Գառնի՝ քո տունը վերադառնալ. բայց գիտցիր, որ Բերին կուրացնել տալուց հետո կաթողիկոսը չի լուծիլ քո երդումը։

-Թող հավիտյան ես իմ տունը չվերադառնամ, թող իմ ոսկորները հայրենի հողի մեջ չթաղվին, միայն թե Հայրենիքս այս դաժան թշնամուց ազատվի,-բացականչեց Մարզպետունին:-Եթե ես համոզված լինեի թե՝ Բերը ազատություն գտնելուն պես մեր սահմանները չպիտի խռովե, կխնդրեի ներել նրան։ Բայց դա օձի սերունդ է և չի դադարիլ թունավորելուց, մինչև որ չջախջախվի։ Եթե դու կարծում ես, թե բանտարկելով պիտի ազատվիս նրանից, սխալվում ես, որովհետև մենք չունինք մի բերդ, որի դռները կաշառներով չբացվին... Իսկ կաշառվող սինլքորներ ամեն տեղ կգտնվին։ Այդ մարդուն պետք է տանել Կարս, ցույց տալ նրան այն եկեղեցին, որ կամենում էր վրաց ծեսով օծել և ապա հենց այդ եկեղեցու առաջ էլ կուրացնել. որպեսզի թե՛ ինքը և թե՛ յուրայինները ճանաչեն հայոց եկեղեցու զորությունը։ Այս պատիժը, արդարև, խիստ է. բայց եթե Կայիափան անմեղ Հիսուսին սպանելու համար կարող էր ասել՝ «լավ է զի այր մի մեռանիցի ի վեր այ ժողովրդեանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ՛», արդյոք նույն խոսքերը չե՞մ կարող կրկնել ես այս չարագործի նկատմամբ, որ հազարավոր զինվորների կորստյան պատճառ դարձավ... Որքան վնասներ է կրել մեր երկիրը դեռևս դրա հայր Գուրգեն իշխանից, և մինչդեռ նրա մահվամբ հույս էինք տածում ազատվել հյուսիսային սահմանի մշտական թշնամուց, նրան հաջորդեց վատթարագույնը...։ Բայց աստված որ քաղցր աչքով է նայում մեզ վրա, ահա մատնել է նրան մեր ձեռը. եթե մենք այժմ չկուրացնենք նրան, հետո նա ինքը մեզ կկուրացնե, նորեն մեր հայրենի երկիրը խռովելով։ Այն ժամանակ մեզ կանիծե մեր ժողովուրդը, կանիծեն և հոգիները այն զինվորներրի, որոնք զոհվեցան այդ անբարտավանի քմահաճության...

Թագավորի վրա տպավորություն արին սպարապետի