-Նրան թողեցինք յուր պատժարանում,-պատասխանեց թագավորը, աշխատելով խույս տալ թագուհու հայացքից:
-Ի՞նչ. պատժեցի՞ք ուրեմն նրան...-բացականչեց թագուհին սարսափելով։
-Կուրացրինք,-եղավ արքայի պատասխանը։
Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը:
_________
Անցավ մի շարաթ։ Ափխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրանց թագավորի գլխին հասած չարիքը։ Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբաս արքայի մոտ և խնդրեցին իրանց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը։
Աբասը ոչ միայն ծանր փրկանք նշանակեց դրա համար, այլ պահանջեց պատերազմական այն վնասը, որ Բերը յուր անխոհեմ քայլով պատճառել էր իրան։
Ափխազ իշխանները կատարեցին արքայի պահանջը, հատուցին նրան թե՛ որոշյալ փրկանքը և թե՛ ռազմական վնասը և մշտական հաշտության դաշն կռելով նրա հետ, վերցրին կույր թագավորին ու գերյալ իշխաններին և դեպի իրենց երկիրը վերադարձան:
Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը՝ թեպետ կույր, այսուամենայնիվ, յուր աթոռը վերադարձավ. իսկ մյուս կողմից՝ արդյունք բերավ գանձարանին, լիուլի ծածկելով պատերազմական վնասները։
Այսպիսով, ահա, վերջացավ Ցլիկ-Ամրամի ստեղծած հյուսիսային սահմանի կնճիռը և Հայոց երկիրը՝ այդ կողմից ևս ապահովելով, սկսավ վայելել երկարամյա խաղաղության արդյունքն ու բարիքները։