Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ասելով թագավորը դուրս հանեց Բերին, և ցույց տալով նրան եկեղեցու արտաքինը՝ ասաց.

-Տեսնո՞ւմ ես, տաճարն արդեն պատրաստ է, մենք պետք է նրա նավակատիքը կատարեինք, բայց դու մեզ խանգարեցիր, որովհետև ցանկանում էիր քո ծեսով օծել նրան: Այդ իհարկե, աստված չհաջողեց քեզ, ըստ որում նա հակառակ է անբարտավաններին։ Բայց մեր եկեղեցու օծման դու կմասնակցես ուրիշ կերպ։ Մենք սովորություն ունենք եկեղեցին օծելուց առաջ զոհ մատուցանել աստծուն։ Ահա զոհի այդ ողջակեզը դու կմատակարարես մեզ, որպեսզի գործած հանցանքդ մի փոքր քավես...

Այս խոսքերից հետո նա թողեց Բերին և դառնալով Մարզպպետունուն, ասաց.

-Սպարապե՛տ, ահա այն մարդը, որ մահ պատճառեց քո հինգ հարյուր քաջերին. տուր նրան այն պատիժը, որ որոշել է ռազմական խորհուրդը։

Այս ասելով՝ թագավորն աշտանակեց երիվարը և յուր ազատախումբ թիկնապահներով հեռացավ եկեղեցուց։

Սպարապետը մոտեցավ Բերին, որ արդեն ընկճված և վշտահար նայում էր յուր շուրջը, և ասաց.

-Օրենքներ կան աշխարհում, ով Ափխազաց թագավոր, որոնք ծառայում են հասարակաց բարուն և երջանկության, այդ օրենքներն անարգողին՝ պատիժ է հասնում երկնքից... Դու քո կյանքում շատ այդպիսի օրենքներ ես ոտնահարել և շատերի բարիքն ու երջանկությունը կապտել։ Արդ, եթե այսօր ծանրանա քո վրա երկնային մի պատիժ, մի անիծիր դու մեզ, այլ անիծիր նրան, որ պատճառ դարձավ քո դժբախտության և որի անունն է Բեր, անվանյալ՝ «Ափխազաց թագավոր»...։

Այդ ասելով՝ նա հրամայեց դահճապետին՝ կատարել կանխավ իրան տրված պատվերը։

Վերջինս առաջնորդեց Բերին մերձակա զնդանը, ուր և անմիջապես նրա աչքերը փորեց։

Երբ Աբաս թագավորը հասավ պալատ, թագուհին, որ սրտատրոփ սպասում էր նրան, առաջ եկավ և հարցրեց.

-Ո՞ւր մնաց եղբայրս, Մեծափառ Տեր։