Էջ:Muratsan, vol. 4.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարերարի» անունն է, որ այսօրվանից ես տալիս եմ քեզ...

Այս ասելով թագավորը բռնեց Մարզպետունու աջը և ջերմագին համբուրեց։

Ծերունի իշխանն զգացվեցավ և գրկելով թագավորին, համբուրեց նրա գլուխը և ասաց.

-Իմ վարձատրությունը ես ստացա արդեն աստծուց, այդ այն է` որ տեսնում եմ հայրենիքս խաղաղ ու երջանիկ, արքայական գահը` ապահով, հայ իշխանները՝ միաբան, թշնամիները՝ հալածական։ Այժմ արդեն կարող եմ հանգիստ սրտով ասել. «Արդ արձակեա՛ զծառայս քո, տէր, զի տեսին աչք իմ զփրկութիւն Իսրայէլի...»։

________

Ի՞նչ էր անում այնուհետև «Հայրենյաց բարերարը»։

Նա դարձյալ ապրում էր արքունիքում, իրավունք չտալով իրան վերադառնալ Գառնի, և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով։

Եվ թեպետ տակավին կրում էր արքայական զորաց սպարապետի կոչումը, այսուամենայնիվ, նրա պաշտոնը կատարում էր Գոռը, իսկ ինքը վայելում էր անդորր հանգիստ, վերապահելով իրան «ընդհանուրի հոր» և բազմափորձ խորհրդականի անունն ու պարտավորությունները:

Արքունիքում նրան սիրում ու փայփայում էին՝ սկսած թագավորից մինչև վերջին դրանիկը. իսկ դրսում՝ պաշտում էր նրան ժողովուրդը։ Գևորգ Մարզպետունու անունը նվիրական էր դարձել ժամանակակից հայի համար, և երբ նա դուրս էր ելնում արքունիքից՝ Ոստանում շրջելու կամ զորքերին այցելելու ցանկությամբ, նրան դիմավորում էին ամենքը ցնծության աղաղակներով։ Ամեն ոք փափագում էր տեսնել նրան, լսել նրան և ոգևորվել նրա զրույցներով, որովհետև ծերունի սպարապետը, որ արդեն վաստակել էր գործելուց, չէր դադարում սակայն յուր հայրական խրատներով և իշխանական հորդորներով կարող երիտասարդությունը դեպի գործունեություն մղելուց։ Նա նրանց մեջ զարթեցնում էր սիրո և միության հոգին և հայրենասիրական զգացմունքներ վառում: