Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ձեզանից ամեն մինը, կարող է ինձ գերազանցել,-ասում էր նա հաճախ յուր շուրջը խմբված երիտասարդներին,-հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել։ Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան մարդ, շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին։ Դրանց թվումն էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում...։ Բայց ես հույսս դրի աստուծո և իմ կամքի վրա, և, ինչպես գիտեք, հաղթեցի ամեն դժվարության. ցույց տվի աշխարհին, թե ի՞նչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է՝ հայրենիքի սերը։ Ձեզանից ամեն մինը թո՛ղ զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, ա՛յն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները և այն հուսով, որ դրել էի աստուծո վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները իրանք իրանց կվերանան, և վտանգներն անհետ կկորչեն։ Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում։ Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը՝ ինչ որ ունիք աշխարհում թանկագին և նա կբերե ձեզ և ձեր որդոց այն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում...։

Ահա՛ այդպիսի զրույցներով էր ոգևորում Մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց, հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես՝ ինչպես և բերավ յուր գործունեությունը։

________

Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և «Հայրենյաց բարերարը» օր ըստ օրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն։

Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ