Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոռ որդուն և Շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին և տվավ նրանց վերջին պատվերը.

-Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է,-ասաց ծերունին,-զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ։ Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը։ Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող` հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը։ Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը, և, նամանավանդ, աստուծո երկյուղը։

Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքա՛ն ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք։ Ձեզ օրինակ Աշոտ-Երկաթի ընտանիքը... որքա՜ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում. և որքա՜ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին...

Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ. այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. «Սիրեցե՛ք միմյանց»։

Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին։ Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան