Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ չսառեցրեց Աշոտին դավաճան Սևորդիներից և նա նրանց հետ միասին վերադարձավ Ուտիք, չնայելով որ եղբայրը գերի էր տարվել Դվին։

-Ուրեմն այդպես, վաղո՞ւց է սկսվել իմ դժբախտությունը...

-Հապա ես որ ասում էի, թե անցյալի մեջ են ծածկված քո ցավերի արմատները։

-Բայց հետո՞, հետո ինչպե՞ս եղավ, որ Աշոտը թողեց Սևորդյաց օրիորդին և ինձ, դժբախտիս հետ ամուսնացավ։

-Պետական շահերը, սիրելիս, պետական շահերն այդպես էին պահանջում... Աշոտը միայնակ էր զորավոր թշնամիների առաջ։ իսկ Սահակ Սևադան յուր գարդմանացի զորքերով կարող էր արքայական բանակն ստվարացնել...

-Եվ ուրեմն Սևադայի աղջիկը զոհ պետք է լիներ այդ պետական հաշիվներին...

-Աստուծո տնօրինությունն էր այդ։

-Ի՞նչ աստուծո տնօրինություն, մայր Սեդա, իսկապես դու ես իմ դժբախտության պատճառը։

-Ե՞ս, ի՞նչ ասացիր, թագուհի. Սե՛դան յուր Սահանույշի դժբախտության պատճա՞ռը...Օ՜, մի' ասիր... մի՛ ասիր... այդ մի անեծք է...-հուզված բացականչեց Սեդան։

-Այո՛, մայր Սեդա, դու ես պատճառը, բայց մի՛ վշտանար։ Եթե դու Մարզպետունի իշխանից լսածդ իսկույն ևեթ հայտնեիր հորս, նա կզգուշանար և Աշոտ թագավորի պետական հաշիվներին չէր զոհիլ յուր աղջիկը։

Սեդան լուռ և խորհրդավոր նայեց թագուհուն և ոչինչ չպատասխանեց։

-Այնպես չէ՞, Սե՛դա։

Դայակը լուռ էր։

-Ինչո՞ւ չես պատասխանում,-հարցրեց թագուհին։

-Երանի՜ կլիներ, թագուհի, թե ա՛յդ լիներ իմ հանցանքը։

-Հապա, ուրիշ ի՞նչ ես արեր:

-Դժբախտաբար ես խոստմնազանց եղա. Մարզպետունի իշխանին տվածս խոսքը չպահեցի, և նրա հաղորդած գաղտնիքը հայտնեցի հորդ, հենց այն օրը, որ Մարզպետունի