Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայոց իշխաններր վրաց թագավորի և ափխազաց Գուրգենի հետ միասին պիտի ժողովվին Աշոտ արքայորդուն թագավոր պսակելու և թե մենք, իբրև Գարդմանա տան տյարք, ներկա պիտի լինինք այդ հանդիսին, ուրախությունից, քիչ մնաց, խելքս պիտի թռչեր... Օ՜, միայն այդ ժամերը... ո՛չ, նրանցից գոնե մի քանի վայրկյան վերադարձնեին այժմ ինձ... Ինչպիսի՜ ուրախությամբ, ինչ աննման ոգևորությամբ էի պատրաստվում ես արքայի թագադրության ներկա լինելու, երևայակայել չես կարող։ Երբ բերին ինձ այն գոհարներն ու ոսկյա զարդերը, որ հայրս պատրաստել էր տվել հատկապես այդ հանդեսի համար, հրճվեցա ինչպես մի մանուկ, որ հանկարծ գեղեցիկ խաղալիքներ է ստանում, և վազելով փարեցի հորս պարանոցով և համբույրներով նրա երեսը ծածկեցի։ Ես, հո գիտես, կարոտ չէի այդ զարդերին և դրանք գին չունեին իմ աչքում իբրև քարեղեն, այլ ուրախացա այն պատճառով, որ գիտեի, թե նրանց շնորհիվ ավելի շքեղ և ավելի վեհ պիտի երևամ այն հանդիսում, ուր ներկա պիտի լինի համայն հայոց իշխանապետությունը և ուր շուքով ու պերճությամբ պիտի փայլեն վրաց ու ափխազաց արքայազուն ընտանիք... O՜, ինչպե՜ս ցանկանում էի, որ բոլոր իշխանազն կանանց մեջ ամենից բարձր հանդիսանայի ես, որ ամենքի աչքերն ինձ վրա նայեին, որ ամենքն ինձմով զբաղվեին և որ այդ ամենը Աշոտ-Երկաթը տեսներ...:

-Եվ հայրդ այդ բոլորը նկատում էր. ուստի և ինքն էլ աշխատում, որ Գարդմանա տունը հայոց մյուս իշխանական տներից ավելի գերազանց երևա Դվինում` թե՜ հարստության և թե՛ զորության կողմից։ Այդ էր պատճառը, որ նա Գարդմանա հզոր բանակը յուր հետ միասին բերավ Ոստան։ Գարդմանում միայն բերդապահ գնդերը մնացին։

-Եվ իրավ, Սեդա, Դվինում արքայավայել ընդունելություն արին մեզ։ Ծնողներս ոչինչ չէին հայտնում, բայց ինձ թվում էր, թե արքայի մերձավորներին հայտնի է անշուշտ մի խորհուրդ մեր ապագա միության մասին։ Աչքի էր ընկնում մանավանդ այն հանգամանքը, որ հայոց իշխանական ընտանիքներից միայն մեզ համար էին բնակության տեղ պատրաստել արքունական պալատում։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ