Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Եվ երևի այդ պատճառով էլ շտապեց նույն նպատակներին հակառակող արգելքը բառնալու...։

-Այո՛. Սևորդյաց օրիորդը ամուսնացրեց Ցլիկ-Ամրամի հետ։ Եվ ճշմարիտ, սա, մինչև անգամ, մի հայրենասիրական գործ էր։ Արքայորդին միանգամ ընդմիշտ այդ աղջկա կապանքներից ազատվելով՝ ավելի եռանդով զբաղվեց յուր գործերով։ Սիրո շղթան շատ անգամ ամենածանր կապանքներն են, որոնք արգելում են տղամարդուն փառքի ասպարեզում շահատակելու...

-Բայց շատ անգամ էլ նրանք թևեր են տալիս նրան,-ընդհատեց թագուհին։

-Այո՛, միայն թույլ արարածներին, նրանց, որոնց մեջ մարած է բնական աշխույժի կրակը և որոնց դեպի գործունեություն մղում է միայն արհեստական գրգիռը, ինչպես երկչոտ զորականին քաջություն է տալիս գինին... Այո՛, իմ թագուհի, արքայորդուն չվնասեց այդ դեպքը, նա շարունակեց յուր հաղթական արշավանքները, մինչև որ բոլոր թմրածներին ցնցեց։ Նրա օրինակից խրախույս առան և ա՛յն իշխանները, որոնք հագարացոց սրից ահաբեկ, իրանց փրկությունը միայն բերդերի մեջ էին որոնում.— Գագիկ բռնավորը, Սյունյաց տերերը դուրս եկան ամրություններից և սկսան նույնպես հալածել թշնամուն։ Հայոց երկրին տիրեց ընդհանուր ոգևորություն, խաղաղության արևը ծագեց, ժողովուրդը շունչ առավ...

-Երջանիկ օրեր էին...

-Այո, մանավանդ որ այդ փայլուն հաղթանակներից հետո արքայորդին հոր գահն ու գավազանը ժառանգեց։

-Ա՜խ, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ բոլորը, Սեդա... Ինչո՞ւ հիշեցրիր երջանկության այն ժամերը, որ ես անցրել եմ այնտեղ...

-Դվինում, այնպես չէ՞։

-Օ՜, և ինչպե՞ս բախտավոր էի ես... ինչո՞ւ, Սեդա, ինչո՞ւ աստված մարդուն տալիս է երջանկություն, և հետո խլում այն նրանից...։

-Աստուծո կամքն անքննելի և խորհուրդներն անհասանելի են։

-Հիշում եմ։ Երբ առաջին անգամ հայրս հայտնեց, թե