Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա.

ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈՒՄ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար,-չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին-տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը։

Նա գտնվում էր Այրարատ նահանգի Մազազ ու Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղա լեռան մի ոստի վրա, որը վերջին դարերում, յուր ծոցում գտնվող Ս. Գեղարդի անունով, Գեղարդասար կոչվեցավ։

Բարձրադիր սարավանդակը, որի վրա կառուցած էր ամրոցը, շրջապատված էր բնության փառահեղ և ահարկու տեսարաններով։-Հսկայակերպ ժայռեր, անհեթեթ հողազանգվածներ, ահավոր անդունդներ, խորաձորեր, իսկ ավելի հեռվից` գեղատեսիլ լեռներ խրոխտ ու կոհակավետ գագաթներով` ծածկում էին նրա շրջակայքն ու հանդիպակաց հորիզոնը։