Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամրոցի առջևից` փրփրադեզ ալիքները դարևանդներից գահավիժելով` հոսում էր Ազատ գետի սրընթաց մի վտակը, որ սարավանդակն ընդգրկող ձորակից անցնելով` միանում էր Ազատի երկրորդ վտակի հետ և ապա օձապտույտ գետահետելով` դուրս գալիս Դվնո ընդարձակ դաշտը` Ոստան գավառի այգեստաններին ջուր ու զովություն մատակարարելու: Հինավուրց ամրոցը, որը յուր հինգ եկեղեցիներով, բազմաթիվ շինություններով ու պահականոցներով հանգչում էր միապաղաղ ժայռերից ու ամբարտակներից զանգված բարձրության վրա, պատսպարված էր ամեն կողմից թե՛ բնության և թե՛ արհեստի ամրություններով:-Հյուսիային կողմից` պաշտպանում էին նրան, բացի կիսաբոլոր պարիսպներն ու աշտարակները, այլև Գեղարդասարի այն գահավանդները, որոնք աստիճանաբար բարձրանալով` կցվում էին Գեղա լեռան հետ։ Արևելյան և արևմտյան կողմերից` շրջապատում էին հսկայական պարիսպներ և հզոր աշտարակներ, որոնք շինված էին կոփված ու հղկված խանձաքար ժայռերից և ամրացրած կապարով ու երկաթով։ Իսկ հարավային և մասամբ արևելյան կողմից` բարձրանում էին միակտուր քարաժայռերի բնական պատնեշներ, որոնք խորաձորի միջից` հսկայական բուրգերի նման դեպի վեր ձգվելով, ընդգրկում էին ամրոցի այս շրջապատը և այդպիսով դարձնում նրան ահարկու և անմատչելի։

Հարավ-արևելյան այս բարձրության վրա, ամրոցի գրեթե ծայրին, իբրև զույգ օդաչու հսկաներ, կանգնած էին` առաջին` արքունական դղյակը յուր մռայլ շինություններով ու ատամնավոր աշտարակներով, և երկրորդ` Տրդատա հոյակապ հովանոցը քսանչորս հոնիական բարձրաբուն սյուներով, տակավին անեղծ արձաններով և բարձր ու քանդակազարդ ձեղունով, որ հովանավորում էր արքայական դաստակերտի` հռովմեական արհեստի ստեղծագործած` ուրիշ բազմաթիվ զարդարանքները։ Նրա սյունազարդ և ընդարձակ սրահից երևում էին, ինչպես ափի մեջ, թե՛ ամրոցը յուր բնակարաններով ու պահականոցներով և թե՛ շրջակա լեռներն ու ձորերը իրանց գեղեցիկ կամ անհեթեթ տեսարաններով, այսպիսով, արքայաշեն սարավույթը զվարճալի զբոսավայր մի լինելուց