հետ, որպեսզի Սմբատ թագավորի ուժը ջլատե: Բայց վերջում, որովհետև Գագիկը հեռացել էր իրանից, սպարապետին առաջ քաշեց: Դա մի հին խաղ է, որով մեր թշնամիներն աշխատել են միշտ մեզ տկարացնել: Չէ՞ որ ավելի ձեռնտու է նրանց, որ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրանք սեփական զորքեր բերեն այստեղ հայերի հետ կռվելու: Ի՞նչ է պակասում թշնամուն. մեկին թագ կընծայե, մյուսին իշխանություն կտա, այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե և միմյանց դեմ կզինե: Իսկ երբ նպատակին կհասնե, թագն էլ կխլե, իշխանությունն էլ: Այդպես անում են բոլոր խարդախ տիրապետները. իսկ փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրում կան:
-Այո՛, թագուհի. սպարապետը գիտեր Յուսուփի խորամանկ նպատակը, բայց և այնպես չխղճահարվեցավ հայրենիքի շահը յուր փառամոլության զոհելու: Իբրև հակառակաթոռ թագավոր` սկսավ եղբայրասպան կռիվ մղել յուր հորեղբոր որդու և ազգի օրինավոր թագավորի դեմ: Կոտորածներ արավ, գյուղեր ու ավաններ քանդեց, քաղաքներ առավ, մինչև որ վերջապես Վաղարշապատի մոտ թագավորական զորքերից չարաչար հաղթվելով, փախավ Դվին։ Ահա՛ Աշոտ բռնավորի այս չարիքներն էին պատճառ, որ արքայական հարսանիքն ուշացավ: Թագավորը կամենում էր երկիրն ամեն կերպ խաղաղացնել և ապա թե տոնական հանդեսներով զբաղվիլ:
-Եվ դու, Սեդա, հիշում ես բոլորը, այնպես չէ՞ ...
-Օ՜, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ:
-Եվ, իրավ, որքա՜ն քիչ ժամանակ է անցել. ընդամենը երկու տարի... աստված իմ... Եվ այս կարճ ժամանակում այսքան երկա՜ր ապրել...
-Ի՞նչ, երկա՞ր ապրել ասացիր...
-Այո՛, Սեդա, շատ երկար տանջվեցի... Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել: Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես...
-Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ։
-Հա՜, հա՜, հա՜ ... խեղճ Սեդա... գեղեցիկ եմ, բայց ո՞ւմ համար, ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը:
-Դու դարձյալ տխրում ես...