-Հիշում եմ ինչպես այսօր։ Ես կանգնած էի դղյակի վերին դստիկոնում. ինձ հետ էին մանկահասակ նաժիշտներս... Ներքև, ամրոցի բակում, հայրս պատվերներ էր տալիս մի խումբ գարդմանացի հեծյալների, որոնք նույն գիշեր ևեթ պիտի ճանապարհվեին դեպի Աղստև, որպեսզի այնտեղ գտնվող մեր մի զորագունդը առաջնորդեին դեպի Վաղարշապատ, թագավորին օգնություն հասցնելու։ Հանկարծ հեռվում, Գարդմանա կամուրջից այն կողմը, մի կարմիր դրոշակ նշմարեցի, որ կարծես թռչում էր օդի մեջ։ «Աղջիկներ, ի՞նչ բան է այն», հարցրի նաժիշտներիս։ Բոլորը միասին այն կողմը նայեցին։ Եվ մինը, որ ամենից սրատեսն էր, հանկարծ աղաղակեց. «Ավետաբերն է»։ -Ավետաբե՞ր... -հարցրի մեքենայաբար և սիրտս սկսավ տրոփել... Սա ուրեմն թագավորի կողմիցն է, -մտածեցի ես, և ուրախությունից շունչս բռնվեցավ... Եթե հիշում ես, քիչ ժամանակ առաջ ապստամբեցան Գուգարաց վերակացու Գնթունի իշխանները։ Թագավորը Աբաս տագերս հետ միասին գնաց և նվաճեց նրան։ Ապա երկուսը միասին հյուր գնացին ափխազաց Գուրգեն մեծ իշխանին։ Ահա՛, թագավորի այդ բացակայությունից օգտվելով` բռնավոր Աշոտը եկավ և Վաղարշապատը գրավեց։ Թագավորը և Աբաս եղբայրն անմիջապես վերադարձան Ափխազիայից և դիմեցին Վաղարշապատ։ Գարդմանից նրանք անցել էին գիշեր ժամանակ։ Հորս հետ տեսնվել էր թագավորը միայն մի քանի վայրկյան, իսկ ինձ թույլ չէր տվել, որ արթնացնեին։ Նույնիսկ ձեզանից ոչ ոք չէր իմացել թագավորի գալն ու Գարդմանից անցնելը։
-Այո՛, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ բռնավորի վրա։ Ոչ ոք չպետք է այդ իմանար։
-Այդպես է. բայց ճանապարհվելուց հայտնել էր հորս, թե «եթե սուրբ կաթողիկեն օգնե ինձ այս անգամ բռնավորը յուր պարիսպներից վանելու, ավետաբեր կուղարկեմ քեզ կարմիր դրոշով, և ապա կվերադառնամ Գարդման մեր հարսանիքը տոնելու»։ Եվ այդ գիտեի ես, Սեդա. հայրս հայտնել էր ինձ արդեն, ուրեմն կարող ես երևակայել, թե ի՛նչ հրճվանք, ի՛նչ ուրախություն տիրեց իմ հոգուն, երբ կարմիր դրոշը նշմարեցի...