Էի ես զուրկ մնալ այդ հաճույքից: Եվ ահա փակել տվի ես իմ դստիկոնի մուտքը, նաժիշտներին հրամայեցի ոչ ոքի չընդունել և ես նրանցից մինին վերցնելով, դղյակի գաղտուկ նրբանցքով բարձրացա մեծ աշտարակի գլուխը։ Այնտեղ բարձրացե՞լ ես դու, Սե՛դա:
-Ո՛չ, կինն ինչպե՞ս կարող է բարձրանալ։ Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից:
-Բայց մենք բարձրացանք` ինչպես այծյամ։ Գարդմանա շրջակաները երևում են այնտեղից` ասես թե ափի մեջ: Դաշտը, գետակը, լեռները, բոլորը մեր առջևն էին։ Ժողովուրդը խռնված էր ամեն տեղ: Երբ առաջին անգամ դեպի կամուրջը նայեցի, հառաջապահ հեծյալների գունդը տեսա, որոնք սպիտակ դրոշը ծածանելով թռչում էին հողմի պես։ Նրանց հետևում էր արքան, շրջապատված յուր գեղահասակ թիկնապահներով, որոնց փայլուն զրահները շողշողում էին արևի առաջ և կարծես իրանց շուրջը կայծակներ թոթափում: Թագավորը նստած էր սպիտակ և ոսկեսար նժույգի վրա, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկած նույնպիսի սաղավարտ, որի վրա ծածանում էր` արծվաձև զարդմանակը հովանավորող` ձյունաթույր ցցունքը: Արքային հետևում էր հայրս` յուր գարդմանացի ասպետներով. ապա Սիսական իշխանները, ոստանիկների խումբը, Աղվանից սեպուհը, Գուգարաց բդեշխը, Արծրունյաց ու Մոկաց իշխանները, Արցախու և Խաչենի տանուտերերը, և այլն և այլն: Այնուհետև գալիս էին պետական ու տանուտիրական զորքերը, սեպուհ, դրանիկ և ոստանիկ գնդերը, և վերջապես շրջականերից հավաքված ժողովրդի ստվարախումբ ամբոխը։ Երբ հառաջապահ հեծյալների խումբը մոտեցավ բերդին և փողերը արքայի գալուստն ավետեցին, Գարդմանր հեղեղող իշխանների, զորքի և ժողովրդյան բազմությունն անհետացավ իմ աչքից: Եմ աշխույժ ու անհագ հայացքը հառեցի միայն իմ փեսայի և սիրարժան թագավորի վրա։ Թիկնապահների խումբը բերդի դռանը հասնելով` կանգ առավ երկու կարգի վրա։ Թագավորն առաջ անցավ։ Նրա ահիպարանոց նժույգը` զգալով կարծես թե ի՛նչ դյուցազն է կրում յուր վրա, մոտենում էր դարբասին ավելի սիգապանծ և որոտաձայն խրխնջյունով։ Եղբայրներս իրենց հետևորդներով