Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փառահեղ պերճությամբ, իսկ իշխաններին շլացնում էր Սահակ Սևադան յուր հարուստ և մեծվայելուչ հանդերձանքներով... Իսկ ե՞ս, Սեդա. ես ընդունում էի ո՛չ միայն հայոց թագավորին, հայոց իշխանապետության պարծանք Աշոտին, այլև... Ա՜խ,... և այժմ ես կարողանում եմ այս բառերն արտասանել... Այո՛, Սեդա, ես ընդունում էի նրան, որ բերում էր յուր հետ իմ վարդածին հույսերի պսակը, իմ անսահման երջանկությունը, իմ երանության երկինքը... Ընդունում էի նրան, որ կրում էր յուր մեջ իմ սիրապատար սիրտը, իմ սիրաշունչ հոգին... որի հայացքը հափշտակում էր իմ էությունը, որի ձայնը հնչում էր իմ ականջին ինչպես քերոբեների մեղեդին... և այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, Սե՛դա, իմ փեսան, իմ ամուսինն էր... 0՜հ, միթե կարելի է այդքան երջանկության դիմանալ... Եվ այն բոլոր փառահեղ պատրաստությունները, իշխանների ցույց տված հարգանքը, գարդմանացոց ու հայ զորաց ոգևորությունը շատ փոքր բաներ էին երևում իմ աչքում։ Ես կամենում էի, որ Աշոտ Երկաթի համար այդ ամենը կրկնապատկվեր, եռապատկվեր, չէ՞ որ նա բոլոր ընտիր հայերից ընտրելագույնն էր, համայն հայ իշխաններից բարձր ու գերազանցն էր... Ա՜խ, Սեդա. եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպես մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպե՜ս կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ` երբ կապվում է նա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ... Օ՜հ, այն ժամանակ նրանք երբեք չէին իջնիլ սեղանի այն բարձրությունից, որի վրա մեր բարեպաշտ սիրտը երկրպագում է նրանց...

-Խեղճ կին... -շշնջաց ինքն իրան Սեդան:

-Հայրս պահանորդ գնդով թագավորին դիմավորելուց առաջ՝ պատվիրել էր, որ ես, իբրև արքայի հարսնացու և Գարդմանա հզոր իշխանի աղջիկ, չելնեմ իմ դստիկոնից և չերևամ ժողովրդին, մինչև որ ինքն արքան դղյակը գալուց հետո չպատրաստվեր ինձ ընդունելու։ -Պատշաճից օրենքը այս է պահանջում, -ասում էր նա։ Բայց ես... ո՜վ երջանկության անդարձ վայրկյաններ... չկարողացա դիմանալ և պատշաճից օրենքներին չանսաստել։ Բոլոր Գարդմանը իմ արքայի ու փեսայի ընդունելության փառքը պիտի տեսներ, ինչպե՞ս կարող