Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ահա՛ թե ի՛նչ է պատմում.-այնտեղ էր,-ասում է,-արքայի նախկին սիրելին` Ցլիկ֊Ամրամի կինը։ Սա ինքը դիմավորեց թագավորին ամրոցի դոների մոտ։ Այնպես գեղեցկացել և հրապուրիչ էր դարձել, որ անկարելի էր տեսնել նրան և չհիանալ։ Երբ առաջին անգամ հանդիպեց թագավորին, ես տեսա, թե ինչպե՜ս նա այլայլվեցավ և շառագունեց։ Նայողները կկարծեին, թե ամաչելուց կամ թագավորի ներկայությունից ճնշվեցավ, բայց ինձ հայտնի էր պատճառը։ Իմ փորձված աչքերից,-ասաց հայրդ,-չթաքնվեցավ նույնիսկ թագավորի հուզմունքը։ Ամրամի կինն այդ վայրկյանին այնքան հրապուրիչ էր, որ ես չէի զարմանալ, եթե թագավորը գրկա խառնվեր նրա հետ։ Ես պարզ տեսա, որ նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց։ Բայց թագավորը կարողացավ զսպել իրան, նա այնուհետև այլևս իշխանուհուն չէր նայում, և երևի Ցլիկ-Ամրամը նեղանում էր, որ յուր տիկինը թագավորի ուշադրությունը չէր գրավում։ Սակայն շուտով իմ կասկածները մարմին առան։ Թագավորը, որ մտադիր էր Ուտիքի վերակացությունը հանձնել իմ որդուն` Գրիգորին, հանկարծ միտք հղացավ այդ իշխանությունը տալ Ցլիկ-Ամրամին։ Ես չհակառակեցի նրա այդ դիտավորությանը, որովհետև պարզ տեսա, որ գեղեցիկ իշխանուհու մի լուռ հայացք ավելի շատ բան պիտի ասեր և ավելի շուտ համոզեր նրան, քան իմ ճարտարախոսությունը։ Հետևյալ առավոտ թագավորն ստորագրեց «Ուտիքի իշխանությունը» Ամրամին հանձնող հրամանը։ Իշխանուհին անձամբ եկավ արքային յուր շնորհակալությունը հայտնելու զրահավորված յուր բոլոր գեղով և կանացի գրավչությամբ։ Ինչ վերաբերում է Ցլիկ-Ամրամին` ուրախությունից քիչ Էր մնում թագավորի ձեռքերը համբուրեր։ Նույնավուր երեկոյան ես հիշեցրի թագավորին թագուհուն արած յուր խոստումը Երազգավորս դառնալու մասին և զարմացա, որ նա հայտնեց, թե ցանկություն ունի երկու օր ևս Տավուշ մնալու, որպեսզի կարգադրություններ անե Ուտիքի մասին և կարևոր հրահանգներ տա Ցլիկ-Ամրամին։ Ես այլևս չէի կարող մնալ այդտեղ,-ասում է իշխանը,-և հանդիսատես լինել, թե