Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին սիրահարներն ինչպե՛ս են նորոգում իրանց բարեկամությունը, ուստի վեր կացա և եկա այստեղ, որովհետև Երազգավորս գնալու այլևս սիրտ չէր մնում. ի՞նչ երեսով երևայի ես իմ աղջկան, Սահականույշին և ինչպե՞ս արդարացնեի թագավորի Տավուշ բերդում ուշանալը։ Երկու օրից հետո մեծ իշխանը կանչեց ինձ և ասաց. «Սեդա՛, իմ դուստրը և քո Սահանույշը միայնակ է. այսուհետև նա ավելի կարոտ է քո խնամքին. պատրաստվի՛ր վաղը ևեթ Ճանապարհվել Շիրակ»։ Ես ուրախությամբ համաձայնեցա, որովհետև ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան իմ թագուհուն ծառայելը։ Իշխանն արդեն իմացել էր, որ մայրդ պատմել է ինձ ամեն բան։ Ուստի ճանապարհվելուս ժամին կանչեց ինձ իշխանուհու մոտ և ասաց... «Սե՛դա, դու արդեն գիտես, թե ի՛նչ վտանգ է սպառնում իմ դստեր ընտանեկան երջանկությանը. նա դեռ երիտասարդ է և կարող է յուր վարմունքով շտապեցնել վերահաս վտանգը։ Գնա՛ և հսկիր նրա ամեն մի քայլին: Դու փորձված և կյանքը ճանաչող կին ես։ Աշխատի՛ր, որ քո թագուհին զինված լինի միշտ կնոջ ամենանուրբ հրապույրներով, որ նրա ամեն մի քայլը, խոսքը, հայացքը սեր զարթեցնե յուր ամուսնու մեջ և մոռացնել տա նրան Ամրամի կնոջ հրապույրները, նրա դյութող ու կախարդող աչքերը... Ճշմարիտ է, արհեստական միջոցներով դժվար է սեր զարթեցնել, բայց նույն այդ միջոցներով կարելի է հանգցնել հին սիրո կայծերը կամ արգելել նրա բոցավառվիլը նորից։ Պսակը չի ապահովում ամուսնու սերը, և ամուսնացյալները չպետք է երբեք բարձի թողի անեն միմյանց սիրելի լինելու և շարունակ միմյանց հրապուրելու միջոցները։ Ամուսնական կյանքի ընթացքում հարկավոր է շարունակել նույն մրցությունը, որով որ մարդ ձեռք է բերել յուր սիրած անձին, և պետք է շարունակել այդ ավելի եռանդով, որովհետև բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ ցանկալի նպատակին հասնելուց հետո դադարում է այլևս նույն նպատակով գրավվելուց և ոգևորվելուց։ Եվ ահա՛ հենց այս ժամանակն է, որ փորձությունը վրա է հասնում։ Քո թագուհին այս բաները չգիտե և երանի թե՝ երբեք էլ չփորձե... Նա, արդարև, սիրում է անկեղծությամբ, և հենց այդ պատճառով էլ մեծ հավատ ունի թագավորի վրա: