Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում էին, թե «թագավորը սիրահարվել է Սևորդյաց աշխարհի վրա...»։

-Եվ իհարկե դրանք բոլորը գիտեին, թե ինչու թագավորը հաճախում է Ուտիք, այնպես չէ՞,-հարցրեց թագուհին, գրեթե հուզմունքից դողալով։

-Ոչ... կարծեմ միայն երկու հոգի յուր թիկնապահներից...

-Ախ, Սեդա, էլ ինչու համար ես ծածկում, երկու հոգին բավական են երկու հարյուրին իմացնելու համար։ Իսկ արքունիքի կանանցից որի՞ն էր հայտնի իմ դժբախտությունը։

-Այն ժամանակ կարծեմ ոչ ոքի։ Բայց երբ Աբաս արքա եղբայրը յուր աներոջ` ափխազաց Գուրգեն իշխանի հետ միանալով` դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ սպանել, թագավորը խույս տվավ նրանցից։ Դավադիրները պտրեցին նրան նախ Շիրակում և ապա զորքերով դիմեցին Երազգավորս։ Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրավ և շտապով հասցրեց Ուտիք, Սևորդյաց ձորը։ Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ-Ամրամի մոտ։ Ահա՛ այդ ժամանակ մեր տիկիններից երկուսը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որ նա այդ տագնապի ժամանակ մեզ յուր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե Սյունյաց բերդերից մինում։

-Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա՛, ես կամենում եմ անպատճառ իմանալ,-հարցրեց թագուհին։

-Մինը մեր Շահանդուխտի մայրը, մյուսը` Գոհար իշխանուհին։

-Եվ նրանք քեզ հետ խոսեցի՞ն այդ մասին։

-Այո, բայց գաղտնի։ Մեզանից զատ ոչ ոք չգիտեր այդ բանը։ Սակայն ես իմ կողմից աշխատեցի ցրել նրանց կասկածները։

-Իզո՜ւր. դու նրանց աչքերը փակել չէիր կարող... բայց դու, Սե՛դա, ինչո՞ւ նույնիսկ այդ ժամին չհայտնեցիր ինձ այդ գաղտնիքը։ Եթե ես գիտենայի, թե ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի