Էջ:Muratsan, vol. 4.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ով որ անկեղծությամբ է սիրում, նա էլ հեշտությամբ այնպիսի սխալ քայլեր է անում, որոնք հեռացնում են իրանից յուր սիրած անձին, մանավանդ եթե վերջինի մեջ բուռն չէ փոխադարձ սերը կամ պատրաստ կա մի հակառակորդ, որ կարող է հրապուրել նրան։ Շատ անդամ մի անզգույշ խոսք, մի անվայել ծիծաղ, մի կոպիտ շարժում, նույնիսկ հագուստի մի տգեղություն բավական է լինում, որ քեզ սիրող սրտի մեջ կաթե զզվանքի թույնը. առաջին կաթիլին հետևում է երկրորդը, երրորդը և այնուհետև այլևս հեռացող սիրտն անհնար է լինում գրավել։ Այս բոլորը գիտես դու, Սեդա, գնա և պատսպարի՛ր քո Սահանույշը վերահաս վտանգներից: Թագավորի սիրտը սասանած է արդեն. այդ ես հաստատ տեսա, աշխատիր, որ իմ դուստրը վերջին հարվածը չտա... Իսկ ես իմ կողմից հնարներ կմտածեմ սսպառնացող վտանգի առաջն առնելու...»։ Այս խրատներով ճանապարհ դրավ ինձ մեծ իշխանը։ Այնուհետև, ինչպես գիտես, ես եկա Շիրակ։ Թագավորն արդեն քեզ մոտ Երազգավորսումն էր։ Բայց նա գուրգուրում էր քեզ ջերմ սիրով։ Դու գոհ էիր բախտից։ Իշխանի հայտնած կասկածները չէին արդարանում. գոնե ես ոչ մի փոփոխություն չէի նշմարում թագավորի մեջ, որովհետև նրան միշտ քաղցր և սիրալիր էի տեսնում քեզ հետ։ Երբ նա նույն ամռանը զբոսանքներ պատրաստեց քեզ համար Սյունյաց և Գուգարաց լեռներում և ընկերուհիներ կարգեց քեզ Սյունյաց իշխանուհիներին, իսկ ինքը գնաց Սևորդյաց կողմերը, իբր թե Ուտիքի մեջ կարևոր կարգադրություններ անելու, այն ժամանակ արդեն կասկածը պաշարեց ինձ։ Իհարկե ես քեզ ոչինչ չհայտնեցի. դու այնպես ուրախ և երջանիկ էիր... որ ոչ մի ապառաժ սիրտ չէր հանդգնիդ կասկածի անմաքուր շնչով քո անարատ հոգին թունավորելու, քո հաստատուն հավատը սասանելու... Բայց թե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես հավատում էի արդեն... Այնուհետև թագավորի այցելությունները Ուտիքին կրկնվում էին հաճախ, դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն` ծնողներդ` Գարդմանում, իսկ ես` արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում։ Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն