Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համր ու անխոս դուրս եկա այդտերից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մինին։

-Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար։

-Այո, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից... երկու ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից...։

-Զարմանալի է. և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր։

-Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել. չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և... ա՜խ, ինչո՞ւ թաքցնեմ, Սեդա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն...

-Իմ խե՛ղճ տիրուհի...- շշնջաց Սեդան ինքն իրան։

-Եվ սակայն իմ հպարտությունն ինձ չարաչար պատժեց...

-Աստված ողորմած է, տիրուհի՛. դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես։

-Խե՛ղճ Սեդա, ինչքա՜ն բարի ես դու... Բայց միթե լսած կաս, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն... Վեր կաց, մայր Սեդա, վեր կաց և գնա՛ հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի. պիտի ներես ինձ...

Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և «բարի գիշեր» մաղթելով նրան` քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը։

Թագուհին նույնպես պառկեց քնելու։ Բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան։ Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը։